Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատարին

Ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատար Վ.Բալայանին: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Առավել վաղ հայտնի էր դարձել, որ 1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը հունիսի 17-ին մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել Արցախի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի արդյունքում պարզվել է, որ ժամկետային զինծառայողի նկատմամբ դեպքի նախորդող օրը՝ հունիսի 16-ին, ֆիզիկական բռնություն է գործադրել դասակի հրամանատար Վ.Բալայանը։

Բացի այդ, 2016 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, փորձնական զորավարժության ընթացքում զինծառայող Հրանտ Գրիգորյանը վատ զգալու պատճառով չի շարունակել զորավարժությունը, ինչի կապակցությամբ Վ.Բալայանը վիրավորել է զինծառայողին՝  հայհոյելով նրան:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ. Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) և 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ):

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *