Ռուսաստանի ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի ծովային ավիացիան նոր հրամանատար ունի: Նավատորմի ներկայացուցիչ Վյաչեսլավ Տուրխաչևը հայտնել է, որ այդ պաշտոնում նշանակվել է գնդապետ Սերգեյ Բոդնառուկը: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի նախկին հրամանատարն էլ նշանակվել է Հյուսիսային նավատորմի հակաօդային պաշտպանության և ավիացիայի հրամանատար:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զինված ուժերի հարավային ռազմական շրջան (ՀՌՇ) աշխատանքային այցի շրջանակներում գնացել էր Ղրիմ: Նա լսել էր Սևծովյան նավատորմի հրամանատարական կազմի զեկույցները ռազմական ենթակառուցվածքների կառուցման ընթացքի վերաբերյալ:
Շոյգուն այցելել էր նաև Սևաստոպոլ (Սևծովյան նավատորմի շտաբը տեղակայված է այստեղ), որտեղ Սևծովյան նավատորմի ծովային հետևակի առանձին 810-րդ բրիգադին պետական պարգևներ էր հանձնել: Այդ բրիգադը մասնակցել էր Սիրիայում Ռուսաստանի գործողություններին: