Բուլղարիան չի մասնակցի Սև ծովում ՆԱՏՕ-ի «միացյալ նավատորմի» ստեղծմանը

Հունիսի 16-ին Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է, որ այդ երկիրը չի մասնակցելու Սև ծովում ռուսաստանյան զորքին դիմակայելու համար ՆԱՏՕ-ի նավատորմի ստեղծմանը:  Այս մասին հաղորդում է բրիտանական «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:

ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականազերծման խմբի (SNMCMG-2) վարժանքներ Սև ծովում, Փետրվար 2016 թ.

ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականազերծման խմբի (SNMCMG-2) վարժանքներ Սև ծովում, Փետրվար 2016 թ.

«Ես միշտ ասում եմ, որ ուզում եմ Սև ծովում առագաստանավեր, զբոսանավեր, զբոսաշրջիկներով լցված մեծ նավեր տեսնել: Չեմ ուզում, որ այդ ծովը ռազմական գործողությունների հարթակ դառնա: Բուլղարիան խաղաղ երկիր է, և իր արտաքին քաղաքականությունը որևէ մեկին ուղղված չէ», — ասել է Բուլղարիայի վարչապետը:

Բանն այն է, որ Ռումինիան հույս ունի, որ հուլիսի 8-9-ը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կորոշվի Սև ծովում ստեղծել այսպես կոչված «միացյալ նավատորմ»: Այս մասին 2016թ. ապրիլի 4-ին հայտարարել էր Ռումինիայի պաշտպանության նախարար Միհնյա Մոտոկը: Ենթադրվում է, որ այդ նավատորմի կազմում կլինեն ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմածովային ուժերը, այլ նաև Վրաստանն ու Ուկրաինան: Սակայն այստեղ խնդիրն այն է, որ վերջին 2 պետությունները ռազմածովային ուժեր չունեն:

Նշենք, որ Սև ծովում միացյալ նավատորմ ստեղծելու առաջարկով հանդես է եկել նաև Թուրքիան: Այս ծովում ամենախոշոր և մարտունակ ռազմածովային ուժեր ունեն հենց Ռուսաստանն ու Թուրքիան, և երբ 2014 թվականին Ղրիմը մտավ Ռուսաստանի կազմի մեջ, ծովում ուժերի հավասարակշռությունը փոխվեց՝ ՌԴ-ն զգալի ամրապնդեց իր դիրքերը սևծովյան ավազանում: Նախկինում, երբ Ղրիմը Ուկրաինայի կազմի մեջ էր, Ռուսաստանի ռազմածովային ուժերը հնարավորություն ունեին ժամանակավորապես տեղակայվել այնտեղ: Իսկ այժմ այդ հարցը լուծված է, իսկ Ռուսաստանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Սևծովյան նավատորմի ենթակառուցվածքների զարգացման հարցը: Ընդամենը մի քանի օր առաջ այդ հարցով Ղրիմում և Սևաստոպոլում էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի և Ուկրաինայի հարցին, ապա այդ թեմայով ապրիլի սկզբին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտնել էր, որ Ղրիմից հետո հավասարակշռությունը տարածաշրջանում փոխվել է: «Բալթյան տարածաշրջանում մենք 28+2 ձևաչափով ակտիվ համագործակցում ենք Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ: Նման մոտեցումը պիտի իրագործվի նաև սևծովյան տարածաշրջանում»,— հայտարարել էր Վերշբոուն, նշելով, որ ՆԱՏՕ-ն չի կարող անտեսել « Ռուսաստանի կողմից հավասարակշռության խախտման փաստը»:

Վրաստանյան մի քանի ռազմական փորձագետներ ապրիլին թերահավատորեն մոտեցան Ուկրաինայի և Վրաստանի հնարավոր ներգրավմանը՝ հենց ռազմածովային ուժեր չունենալու փաստը հաշվի առնելով:

2 responses to “Բուլղարիան չի մասնակցի Սև ծովում ՆԱՏՕ-ի «միացյալ նավատորմի» ստեղծմանը

  1. Pingback: Թինա Խիդաշելի. «Հնարավոր չէ առանց Վրաստանի քննարկել Սև ծովում անվտանգության հայեցակարգը» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *