Ռուսաստանում կործանվել է «Ռուսկիե վիտյազի» ավիացիոն խմբի Սու-27 կործանիչ

Այսօր՝ հունիսի 9-ին, Ռուսաստանի օդադիեզերական ուժերի Սու-27 կործանիչ է կործանվել Մերձմոսկովյան շրջանում: Օդաչուն զոհվել է: Նախնական տվյալներով կործանված ինքնաթիռը ռուսաստանյան «Ռուսկիե վիտյազի» ավիացիոն խմբից է եղել: Այս մասին տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Կործանված Սու-27-ի բեկորները

Կործանված Սու-27-ի բեկորները

Ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հղում անելով ՌԴ ՊՆ-ին, հայտնում է, որ «Մոսկվայի շրջանի հիմնական օդանավակայան վերադառնալիս Սու-27 է կործանվել: Ինքնաթիռը թռիչքն իրականացրել է առանց զինամթերքի: Նախնական տվյալներով՝ կործանման պատճառը տեխնիկական խնդիրն է եղել»:

Նշվում է նաև, որ ցամաքում ավերվածություններ և տուժածներ չկան: Դեպքի վայրում աշխատում է պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողովը:

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է նաև, որ օդաչուն ամեն ինչ արել է ինքնաթիռը բնակելի վայրից հեռու տանելու համար, այդ իսկ պատճառով կատապուլտով դուրս թռչելու ժամանակ չի եղել:

Ռուսաստանյան լրատվամիջոցները սկզբում հայտնում էին, թե կործանվել է ՄիԳ-29 ինքնաթիռ, սակայն հետո հաստատվել է, որ հենց Սու-27 է:

Կործանված Սու-27-ի բեկորները

Կործանված Սու-27-ի բեկորները

«ՏԱՍՍ»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնել է նաև, որ կործանված ինքնաթիռի բեկորների գունավորումից երևացել է , որ այն «Ռուսկիե վիտյազի» խմբից է եղել: Նախնական տվյալներ կան, որ կործանիչի օդաչուն եղել է մայոր Սերգեյ Երեմենկոն:

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունն էլ իր հերթին հայտնում է, որ «Ռուսկիե վիտյազի» ավիացիոն խումբն առավոտյան ցուցադրական թռիչքներ անելիս է եղել Պուշկինի շրջանի Աշուկինո ավանում: Միջոցառման ավարտից հետո տեղակայման վայր վերադառնալիս Սու-27-երից մեկը կործանվել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *