Հունիսի 6-ին վրաստանյան ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հրապարակել է մի տեսանյութ, ըստ որի Վրաստանի զինված ուժերի Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի զինծառայողներն այլևս չեն կարող նախկինի պես լեռնամագլցման դասընթացներ անել Կացխի վանքի տարածքում գտնվող լեռան վրա:
Խնդիրն այն է, որ այժմ այդ տարածքը ցանկապատվել է, իսկ մուտքի մոտ ամրացվել «Վանքի տարածք մուտքն արգելվում է» ցուցանակ: Ցանկապատելուց հետո այնտեղ չեն կարողանում պարապել ո՛չ զինծառայողները, ո՛չ էլ ալպինիստները:
Հեռուստաընկերությունը հայտնում է, որ Չիաթուրիի շրջանից տեղեկացրել են, որ այդ տարածքը մշտապես պատկանել է Վրաստանի ուղղափառ եկեղեցուն և եղել է Կացխի վանքի ենթակայության տակ: Աղբյուրը հավելում է նաև, որ պատրիարքարանում հրաժարվել են մեկնաբանել հետևյալ միջադեպը:
Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցն այժմ պետք է նոր վայր գտնի պարապմունքների համար, ստեղծի հատուկ պայմաններ վարժանքների անվտանգության ապահովման համար:
Նշենք, որ Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի պարապմունքներն անցկացվում են նաև Օրփոլո զորավարժարանում, Գուդաուրիում, ինչպես նաև Կազբեգ լեռան վրա:
Սաչխերեում դեռևս 2007 թվականից վերապատրստվում են նաև ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները: Ռազմինֆոն բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015 թվականին հաշվել է ՀՀ ԶՈւ 18 զինծառայողի, ովքեր վերապատրաստվել են Սաչխերեում։