ՀՀ ԱԻՆ-ը ուժեղ երկրաշարժի սցենարով ուսումնական վարժանք կանցկացնի Գյումրիում

Հունիսի 8-9-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ համատեղ, Գյումրիում կիրականացնի 5 փրկարարական ջոկատների համատեղ վարժանք` ուժեղ երկրաշարժի սցենարով: Թեման` «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները

Հաղորդագրության մեջ նշված է, որ ուսումնավարժությանն ընդգրկված են նաև ՀՀ բոլոր նախարարությունների քաղպաշտպանության և լրատվական ծառայությունների ներկայացուցիչներ: Միջոցառման հիմնական նպատակներն են`

•Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում ՀՀ պետական կառավարման մարմինների հմտությունների ու ունակությունների կատարելագործում

•«Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ պետական կառավարման մարմինների գործողությունների» պլանի իրատեսության ստուգում

•կառավարման մարմինների միջև փոխգործակցության կազմակերպում

•միջազգային օգնության հայտը կազմելու և ներկայացնելու հետ կապված խնդիրների քննարկում

•համատեղ լրատվական կենտրոնի աշխատանքների կազմակերպում

•օգնության ժամանած փրկարարական և մարդասիրական օգնություն տեղափոխող թիմերին, ընդունող երկրի կողմից ցուցաբերվող աջակցության դրույթների և սկզբունքների ուսուցանում:

Ուսումնավարժության ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Աղետների ռիսկի կառավարման Սենդայի գործողությունների ծրագիրը, «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ պետական կառավարման մարմինների գործողությունների» պլանը և ըստ դրա գործարկվող միացյալ միջգերատեսչական ու շարժական լրատվական կենտրոնների աշխատանքի սկզբունքները:

Վարժանքի գործնական հատվածում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ԱԻՆ շարժական լրատվական կենտրոնին, որը հագեցած է լինելու բոլոր անհրաժեշտ միջոցներով ու սարքավորումներով աղետի գոտուց լրատվամիջոցներին օպերատիվ տեղեկատվության տրամադրելու և բնակչությանն իրազեկելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *