Դաղստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) մոտոհրաձգային բրիգադում մեկնարկել են զինծառայողների պատրաստման անհատական դասընթացներ: Հատուկ ուշադրություն է դարձվելու գարնանային զորակոչի ժամանակ զորակոչված մոտ 900 զինծառայողի: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքը:
Դաղստանի ուսումնավարժական «Դալնի» (Дальний) կենտրոնում, ինչպես նաև հատուկ հագեցած դասասենյակներում զինծառայողները պատրաստվում են մարտավարական, ինժեներական, կրակային, շարային, հատուկ, ֆիզիկական պատրաստության և քիմիական, կենսաբանական և ռադիացիոն պաշտպանության նորմատիվներ հանձնելու:
Վարժանքների ժամանակ զինծառայողները սովորում են օգտվել Տ-90Ա տանկից, «Տիգր» զրահամեքենայից, կապի և կրակի կառավարման համակարգերից:
Հիշեցնենք նաև, որ Դաղստանի լեռնային «Ադանակ» զորավարժարանում էլ հունիսի 6-ին մեկնարկել է ՌԴ զինված ուժերի Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի առանձին գումարտակների ինքնագնաց հրետանային մարտկոցների անձնակազմերի վարժանքներ: Ներգրավված է 50 զինծառայող և 15 միավոր «Նոնա» ինքնագնաց հետևակային համակարգ: