Ապրիլի լույս 30-ի գիշերը հակառակորդի կրակոցներից ՊԲ երկու զինծառայող է զոհվել

Ապրիլի լույս 30-ի գիշերն Արցախի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է կրակել, ինչի հետևանքով հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ստացած վիրավորումներից զոհվել են ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.): Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։

Գիշերվա ընթացքում Ադրբեջանի զինուժը հրաձգային զինատեսակներից բացի կիրառել է նաև 60 մմ և 82 մմ ականանետներ ու տարբեր տիպի նռնականետեր:

Պաշտպանության բանակը հայտարարում է, որ հակառակորդի գործողությունները անպատասխան չեն մնալու, իսկ դրանց հետևանքներն ընկնելու են ադրբեջանական կողմի վրա:

ՀՀ ՊՆ կայքն իր հերթն տեղեկացնում է, որ ապրիլի լույս 30-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ՝ հիմնականում անկանոն բնույթի:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *