Ադրբեջանը շարունակում է գաղտնի պահել իր «հերոսներին»

Ապրիլի 19-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով ապրիլի 2–5-ի մարտերի բազմաթիվ մասնակիցներ են պարգևատրվել, ոմանք նույնիսկ «Ադրբեջանի ազգային հերոս» կոչում ստացել։ Այնուամենայնիվ պարգևատրվածների պաշտոնական ցուցակ մինչ օրս չի հրապարակվել, թեև անցյալում նմանատիպ բոլոր հրամանագրերին կցվում էր պարգևատրվածների ամբողջական ցուցակ։

Ազգային հերոսի կոչում ստացած երկու հոգու անունները հայտնի են դարձել ադրբեջանական լրատվամիջոցներից, իսկ մնացած պարգևատրվածների անունները շարունակում են անհայտ մնալ։

Ապրիլի 19-ին Ադրբեջանի նախագահի հրամանով «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում ստացած զինծառայողներն են.

  • Իմանով Սամիդ Գյուլաղա օղլու (İmanov Samid Gülağa oğlu), մայոր (հետմահու)։  Մասնակցել է Թալիշ գյուղի վրա հարձակմանը՝ գլխավորելով հետախուզադիվերսիոն ստորաբաժանումներից մեկը։ Մայոր Իմանովը տարբեր տարիների ընթացքում անցել էր հատուկջոկատային հրամանատարի պատրաստություն, ըստ որոշ աղբյուրների՝ համարվում էր «գեներալի իրական հավակնորդ»։ Սպանվել է ապրիլի 4-ին՝ Թալիշ գյուղի մոտ մղված մարտերում։ Լուսանկար
  • Հեմիդով Շյուքյուր Նարիման օղլու (Həmidov Şükür Nəriman oğlu), փոխգնդապետ։ Նշվում է, որ այս փոխգնդապետը մասնակցել է Արցախի հարավ-արևելքում «Լելե թեփե» բարձունքի գրավման գործողություններին, ինչի համար էլ պարգևատրվել է։ Լուսանկար

Ակնհայտ է, որ Բաքուն ջանք չի խնայում համոզելու սեփական բնակչությանն այդ բարձունքի գրավման կարևորությունը։ Այդ պատճառով նշված հատվածում մարտերի բազմաթիվ մասնակիցներ պարգևատրվում են կոչումներով և մեդալներով, ադրբեջանական լրատվամիջոցներում շարունակվում են նյութեր հրապարակվել այդ բարձունքի վերաբերյալ։

Օրինակ՝ նշված ուղղությամբ տեղակայված Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը ապրիլի 19-ին արժանացավ գեներալ-մայորի կոչման։ Սակայն այդ մասին պաշտոնապես նույնպես չի հայտարարվել։

Ապրիլի 19-ի հրամանագրով խրախուսված զինծառայողների թվում նշվում էին՝ «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչման արժանացած, «Ադրբեջանի դրոշի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիր, «Հայրենիքի համար», «Արիության համար» և «Զինվորական ծառայության համար» մեդալներով պարգևատրվածների մասին։

Սակայն հետաքրքրական է, որ պարգևատրվածների անունները մինչ այժմ պաշտոնապես որևէ ամբողջացված ցուցակով չեն ներկայացվել։ Կարելի ենթադրել, որ ադրբեջանական կողմը թաքցնում է ամբողջական ցուցակը, քանի որ այնտեղ ներառված են նաև բազմաթիվ հետմահու պարգևատրվածներ։

Ապրիլի 2-5-ը տևած ակտիվ ռազմական գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ։ Ներկայումս Ռազմինֆոյին հաջողվել է պարզել միայն 94 սպանված ադրբեջանական զինծառայողի ինքնություն, որոնց շարքում են մեկ գնդապետ և երկու փոխգնդապետներ, ինչպես նաև հատուկջոկատային մայորներ, կապիտաններ, ավելի ցածր սպայական կազմի ներկայացուցիչներ, ենթասպաներ, պայմանագրային և ժամկետային զինծառայողներ։

Թեպետ համոզված ենք, որ Ադրբեջանի զինուժի կորուստներն իրականում բազմապատիկ ավելի շատ են, սակայն մնացած սպանված և վիրավոր զինծառայողների անունները ճշտել դեռ չի հաջողվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *