Այսօր՝ ապրիլի 29-ին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից Razm.info-ի հետ զրույցում հերքեցին ադրբեջանական մամուլում նույն օրը տարածված հաղորդագրությունը, թե «Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ»։
Razm.info-ի այն հարցին, թե արդյո՞ք վերջին 2 օրերի ընթացքում Խիդաշելին զանգել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ՊՆ-ից պատասխանեցին. «Նման բան չի եղել»։
Տեղեկացնենք, որ ապրիլի 29-ի առավոտյան՝ ժամը 10։32-ին, ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքը, հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը, տեղեկություն էր տարածել, թե «Վրաստանի պաշտպանության նախարարը Լեռնային Ղարաբաղի հարցով հեռախոսազրույց է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Թինա Խիդաշելին հույս է հայտնել, որ հրադադարը հնարավոր կլինի և գործընթացը կվերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Ըստ նախարարի՝ տարածաշրջանում կայունությունը կենսականորեն կարևոր է Վրաստանի համար, միջազգային հանրությունն լարվածությունը թուլացնելու համար պիտի կիրառի բոլոր միջոցները»։ Նույն տեղեկությունը տարածել են նաև ադրբեջանական այլ կայքեր։
Նույն օրը՝ ժամը 11։25-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ֆեյսբուքյան իր անձնական էջում տարածել է Haqqin-ի նյութը՝ առանց հավելյալ մեկնաբանության։
Խիդաշելիի ֆեյսբուքյան պաշտոնական և անձնական էջերում վրացերեն կամ այլ լեզվով որևէ հաղորդագրություն չկա հեռախոսազրույցի մասին։ Իսկ ապրիլի 28-ից հետո դարձյալ ոչ մի տեղեկություն չի հրապարակվել ինչպես Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում (սքրինշոթ—1), (սքրինշոթ —2) , այնպես էլ Ֆեյսբուքի պաշտոնական էջում։ Հեռախոսազրույցի մասին ոչ մի տեղեկություն չկա նաև Ադրբեջանի ՊՆ կայքում (սքրինշոթը)։
Հարկ է նշել, որ Թինա Խիդաշելին հեռախոսազրույց ունեցել է Սեյրան Օհանյանի հետ ապրիլի 4-ին, երբ Արցախում շարունակվում էին մարտական գործողությունները՝ հակառակ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետերի միջև կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությանը։
Նշենք նաև, որ ադրբեջանական կայքերի հրապարակած տեքստը գրեթե ամբողջությամբ կրկնում է ապրիլի 5-ին Խիդաշելիի պաշտոնական հայտարարությունը։
Հավելենք, որ հայաստանյան լրատվական կայքերից մեկն արդեն հայաստանյան լրատվադաշտ է բերել այս ապատեղեկատվությունը՝ չստուգելով տեղեկությունը։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24–30 ապրիլի, 2016 | Ռազմ.info