Դավիթ Տոնոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ

Ապրիլի 21-ից աշխատանքային այցով ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելած ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ: Հանդիպման ընթացքում Տոնոյանը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացրած ագրեսիայի մանրամասները՝ մասնավորապես նախապես պլանավորված նախահարձակ գործողությունները և այդ ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներն ապացուցող հիմնավորումները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն

Դավիթ Տոնոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ռազմական ուժի կիրառմամբ.

«Վերահաստատվել է, որ համայն հայությունը մոբիլիզացված է և բոլոր միջոցներով կպաշտպանի այդ իրավունքը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի ինքնապաշտպանվելու և բարելավելու իր անվտանգության միջավայրը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: Դեսպան Վերշբոուն, բարձր գնահատելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկայիս մակարդակը, հույս է հայտնել, որ այն կշարունակի պահպանել զարգացման դինամիկան:

Ապրիլի 22-ին Դավիթ Տոնոյանը կմասնակցի Հայաստան-ՆԱՏՕ «Պլանավորման և վերանայման գործընթաց» փաստաթղթի քննարկմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *