Ապրիլի 21-ին տարբեր պատահարների հետևանքով մահացել է երկու զինծառայող

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում երկու տարբեր դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր` պարզելու պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքային Սպարտակ Քալաշյանի և Կարեն Աղաբեկյանի մահվան հանգամանքները: Երկու գործով էլ արդեն կան ձերբակալվածներ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նախնական քննության տվյալներով՝ 21.04.2016թ.՝ ժամը 07:00-ի սահմաններում, մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ. Բարեյանը, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելու ժամանակ կրակել է, ինչի հետևանքով գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանը:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ: Հ.Բարեյանը ձերբակալվել է:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի կայքը նաև հայտնում է, որ նախնական տվյալներով՝  21.04.2016թ.՝ ժամը 14:30-ի սահմաններում, զորամասի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պ.Եգորյանը, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, ինքնաձիգից կրակոց է արձակել, որի հետևանքով կրծքավանդակի աջ կեսի շրջանում ստացած իրավորումից մահացել է նշված ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտյուշի Աղաբեկյանը:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ: Պ.Եգորյանը ձերբակալվել է:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *