ՀՀ-ում բուժման անհնարինության դեպքում զինծառայողները պետության հաշվին կբուժվեն արտերկրում

Հայաստանի կառավարությունն այսօրվա՝ ապրիլի 21-ին նիստում որոշում է ընդունել, որով մանրամասնել է զինծառայողների՝ արտերկրում բուժման, կեցության, ճանապարհի ծախսերի գումարի տրամադրման պայմանները: Այս մասին տեղեկացնում է հայաստանյան «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

Մինչ այս «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունով 2015թ. սահմանվել էր, որ եթե զինծառայողի բուժումը Հայաստանի բուժհաստատություններում հնարավոր չէ, ապա նա բուժում է ստանալու արտերկրում՝ պետության հաշվին:

Կառավարություն այսօրվա «Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշման համաձայն՝ ստեղծվելու է հանձնաժողով, որը քննելու է՝ արդյոք զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության բուժումը հնարավոր է ՀՀ առողջապահության և պաշտպանության նախարարությունների, ոստիկանության և ԱԱԾ բժշկական հաստատություններում:

Եթե հանձնաժողովի մասնագիտական եզրակացությունը լինի, որ բուժումը հնարավոր չէ Հայաստանի նշված բուժհաստատություններում, ապա բուժման նպատակով զինծառայողին ուղարկելու են արտերկիր:

Ընդ որում՝ սահմանվել է, որ արտերկրում բուժման համար բուժման, նրա կեցության ու ճանապարհածախսի գումարները տրամադրելու է ՀՀ կառավարությունը՝ ՀՀ բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից: Անհրաժեշտության դեպքում գումար է հատկացվելու նաև զինծառայողին ուղեկցող անձին:

Նման աջակցության համար դիմում կարող են ներկայացնել ինչպես Հայաստանի պետական գերատեսչությունները (օրինակ՝ պաշտպանության նախարարությունը), այնպես էլ հենց բուժման կարիք ունեցող զինծառայողները:

«Առաջարկվել էր, որ Պաշտպանության նախարարությունն իր ֆինանսական միջոցների հաշվին իրականացներ այդ ծախսերը, բայց փաստորեն, այս որոշումով կառավարությունն այդ ծախսերը վերցնում է իր վրա», — կառավարության նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»:

Կառավարությունն իր որոշման հավելվածում նշել է նաև, որ այս որոշման մեջ նշված վնասվածք, խեղում կամ դրանց հետևանքով ծագած հիվանդություն են համարվում ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի S36 կամ T05 կամ T06.0 կամ T06.1 ծածկագրերով սահմանված վնասվածքները, հիվանդությունները («Հիվանդությունների եվ առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչը» կարող եք ներբեռնել այստեղից):

Նշենք, որ 2015-ի հունիսին ՀՀ ազգային ժողովն ընդունել է, իսկ հուլիսին ՀՀ նախագահը ստորագրել է ««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել է, որ եթե մարտական հերթապահության ժամանակ կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս ՀՀ ԶՈւ զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության բուժումը Հայաստանում հնարավոր չլինի, ապա բուժումը կազմակերպվելու է արտերկրում՝ ՀՀ բյուջեի հաշվին:

Ընդ որում՝ թեև օրինագծում շեշտված չէ, բայց օրենքն ունի նաև հետադարձ ուժ, ինչը նշանակում է, որ այն տարածվում է նաև այն զինծառայողների վրա, որոնք վնասվածք կամ խեղում ստացել են մինչև օրենքի ընդունումը, սակայն ներկայում էլ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: Այս մասին մասնավորապես 2015թ. հունիսի 17-ին խորհրդարանական քննարկումների ժամանակ հայտարարել են նախագծի հեղինակներ Էդմոն Մարուքյանը և Արփինե Հովհաննիսյանը:

Օրենքը, սակայն, չի վերաբերում այն զինծառայողներին, որոնք կանխամտածված են ստանում վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով՝ հիվանդություն:

One response to “ՀՀ-ում բուժման անհնարինության դեպքում զինծառայողները պետության հաշվին կբուժվեն արտերկրում

  1. Pingback: Կառավարությունը կֆինանսավորի նաև արտերկրում բուժվող զինծառայողի ուղեկցի ծախսը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *