ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստի մասնակիցները տեղեկացվել են ապրիլի սկզբին Արցախում իրավիճակի մասին

Այսօր՝ ապրիլի 15-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ ռազմական խորհրդի ութերորդ նիստը, որին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունները, ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչները: Նիստին ներկա է եղել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

ՀԱՊԿ անդամ պետությունների ԳՇ պատվիրակության ներկայացուցիչները

ՀԱՊԿ անդամ պետությունների ԳՇ պատվիրակության ներկայացուցիչները

Նիստի մասնակիցները տեղեկացվել են ապրիլի սկզբին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակի մասին: Այդ առնչությամբ հայկական կողմն իր մտահոգությունն է հայտնել հակառակորդի սանձազերծած ռազմական ագրեսիայի վերաբերյալ, ինչը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել, այդ թվում՝ նաև խաղաղ բնակչության շրջանում:

ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Միացյալ շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են նաև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հարցերը:

Ներկայացնելով նիստի ամփոփիչ արձանագրությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նշել է, որ ռազմական անվտանգության սպառնալիքները ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում համալիր բնույթ ունեն և շոշափում են քաղաքական, տնտեսական, տեղեկատվական և կենսական նշանակություն ունեցող մյուս ոլորտները: Դա խաղաղության և անվտանգության ապահովման մեխանիզմները, հավաքական անվտանգության տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները կատարելագործելու անհրաժեշտություն է առաջացնում:

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը նաև փաստել է, որ հաշվի առնելով ռազմաքաղաքական առկա իրավիճակը և վերջին իրադարձությունները Կովկասյան տարածաշրջանում՝ նիստի ընթացքում նախանշվել են հետագա աշխատանքները՝ ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանը:

Վերոնշյալ հարցերի առնչությամբ քննարկումներ անցկացնելու և մտքեր փոխանակելու նպատակով Հայաստան ժամանած ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունների ղեկավարներին ապրիլի 15-ին նիստից առանձին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում

Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունների ղեկավարները եղել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *