Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել՝ կազմված վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակում կստանան հիվանդանոցային բժշկական անվճար օգնություն և սպասարկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:
Սրա համար կառավարությունն այսօր՝ մարտի 17-ին, փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 04.03.2004թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման 1-ին հավելվածի մեջ և արտոնյալ սոցիալական խմբերի մեջ ավելացրել նաև այս անձանց:
Ներկայում զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվում (այդ անձինք տարեկան կազմում են 70-ից 90 հոգի՝ ըստ ՀՀ կառավարության կայքի), ՀՀ գործող օրենսդրության համաձայն, չեն օգտվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից և սպասարկումից:
ՀՀ օրենսդրության մեջ նման խնդրի առկայությունն ստիպում է վերը նշված խմբում գտնվող անձանց փորձել ձեռք բերել հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ, ինչի նպատակը պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելն է:
Ուշագրավ է, որ կառավարության այս նախագծի ընդունումից առաջ ՀՀ պաշտպանության և արդարադատության նախարարություններն առաջարկել են այս փոփոխությունը տարածել զինվորական ծառայության ընթացքում վնասվածք կամ խեղում կամ հիվանդություն ստացած բոլոր անձանց վրա՝ անկախ հանգամանքից, թե անձը զինվորական ծառայությունից արձակվել է ժամկետը լրանալու, թե ստացած վնասվածքի, խեղման կամ հիվանդության պատճառով: Սակայն նախագիծը ներկայացրած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մերժել է այս առաջարկը՝ նշելով, որ «առաջարկության ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ հատկացումներ կատարելու անհրաժեշտության, սակայն համապատասխան միջոցներ ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված չեն»:
Ավելացնենք, որ մինչ այս հիվանդանոցային բժշկական անվճար օգնությունից և սպասարկումից օգտվում էին նաև.
- Հայաստանի պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները,
- Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև հիվանդանոցային փորձաքննություն),
- Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները,
- մի շարք այլ սոցիալական խմբեր: