[Թարմացված] Ծառայակցի կրակոցից ՊԲ զինծառայող է մահացել

Մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հարավային զորամասերից մեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով ստացած վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հովհաննես Ռազմիկի Հարությունյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

[Ավելի ուշ պարզվել է, որ զինծառայողը սպանվել է ծառայակցի կրակոցից, տես ստորև՝ թարմացված հատվածում]:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

[Լրացում] ՀՀ քննչական կոմիտեի կայքը տեղեկացնում է, որ զինծառայող Հովհաննես Հարությունյանի մահվան դեպքի առթիվ զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Նախնական տվյալներով՝ մարտական դիրքում թույլ է տրվել զենքի հետ վարվելու կանոնների խախտում, որի պատճառով զինծառայող Հարությունյանը գլխի հատվածում ստացել է մահացու հրազենային վնասվածք։

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ զինծառայողի մահ առաջացնելու դեպքի առթիվ։ Քննությամբ պարզվել է դեպքի պահին զինծառայողի հետ նույն մարտական դիրքի տարածքում գտնված զինծառայողների շրջանակը և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։

[Թարմացում] ՀՀ քննչական կոմիտեն մարտի 22-ին հայտնել է, որ քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ զինծառայողը մահացել է ոչ թե զենքի հետ անզգույշ վարմունքի պատճառով արձակված կրակոցից, այլ ծառայակցի կրակից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտական դիրքում զինծառայող Հովհաննես Հարությունյանի՝ գլխի հատվածում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, և մեղադրանք է առաջադրվել մարտական դիրքում նրա հետ ծառայություն իրականացրած մեկ այլ զինծառայողի։

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ զինծառայող, կրտսեր սերժանտ Հարությունյանի վրա դիմահար կրակոց է արձակել է նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայություն իրականացրած, կոչումով շարքային մեկ այլ զինծառայող։ Քննությամբ պարզվել է սպանության հանգեցրած վիճաբանության պատճառը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ շարքայինին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն, որը կատարվել է խուլիգանական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ)։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

One response to “[Թարմացված] Ծառայակցի կրակոցից ՊԲ զինծառայող է մահացել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 – 19 մարտի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *