Մարտի 14-17-ին հերթական այցով Երևանում էր Հայաստանի կարիքներին օժանդակելու համար ձևավորված և ՆԱՏՕ և «Գործընկերություն հանուն խաղաղության» կոնսորցիումի հովանու ներքո գործող «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը, որում ընգրկված էին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի, Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ փոխգործակցությանը ներգրաված են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների և Ենթասպաների դպրոցի ղեկավար և փորձագիտական կազմերը:
Այցի նպատակն է եղել ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների և պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության հետ 2015թ. համագործակցության ծրագրերի ամփոփումն ու փոխգործակցության հետագա ուղիների համաձայնեցումը:
ՀՀ պաշտպանության նախարարությունում քննարկումներում հայկական կողմը ներկայացրեց պաշտպանական կրթության ոլորտում և ռազմական ուսումնական հաստատություններում կյանքի կոչված բարեփոխումների վերաբերյալ զեկույցներ:
Շեշտը դրվեց նոր մեկնարկած դասընթացների, ուսումնական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասավանդման նոր մեթոդաբանության, ինչպես նաև ոլորտի բարեփոխումներին սատարելուն միտված օրենսդրական նախաձեռնությունների և բարձրագույն ռազմական կրթության համաեվրոպական Բոլոնյան գործընթացի դրույթները կյանքի կոչելու հարցերի վրա: Նմանատիպ զեկույցով հանդես եկավ նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը:
Մարտի 15-17-ին միջազգային խորհրդատվական խումբն այցելել է ռազմաուսումնական հաստատություններ և հանդիպել դրանց ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: Վ.Սարգսյանի անվան ռազմական, Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտներում և Ենթասպաների դպրոցում ներկայացվել է խորհրդատվական խմբի օգնությամբ մեկնարկած առանձին նախագծերի ընթացքը, առաջիկա տարիների համագործակցությունը զինված ուժերի կարիքներին լավագույնս համապատասխանեցնելու նկատառումները:
ՀՀ ՊՆ Հրամանատարաշտաբային դասընթացների ունկնդիրների համար խորհրդատվական խումբը ներկայացրել է զեկուցում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» թեմայով` կենտրոնանալով օպերատիվ մակարդակում դրա կենսագործման հարցերի վրա:
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հաստատության ղեկավարը և ուսումնական գործընթացի ու հետազոտական մասի պատասխանատուները ներկայացրել են Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հենքի վրա համալսարանի կերպափոխման գործընթացը, համալսարանի առաքելությունը, նպատակն ու հիմնական խնդիրները: Նշվել է նաև, որ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում զգալի տեղ է հատկացվում կիբեռանվտանգության ոլորտում ռազմավարական հետազոտություններին:
Խորհրդատվական խմբի այցն ավարտվել է մարտի 17-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմամբ, որի ընթացքում խորհրդատվական խումբը տեղեկացրել է այցի արդյունքների մասին: Կողմերը համաձայնեցրել են 2016թ. հայկական ռազմաուսումնական հաստատությունների հետ խորհրդատվական խմբի համագործակցության կոնկրետ ծրագրեր և ուղենիշներ: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանում պաշտպանական կրթության բարեփոխումների ջանքերին միջազգային խորհրդատվական խմբի զգալի և շարունակական աջակցության համար:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 – 19 մարտի, 2016 | Ռազմ.info