Կանխվել է հակառակորդի դիվերսիայի փորձը, հայկական կողմը կորուստներ չունի

Մարտի 8-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Արցախի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ժամանակին նկատել և կասեցրել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը` ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր:  Այս մասին մարտի 9-ին հայտնում է ՊԲ կայքը:

Փոխհրաձգության ընթացքում հայկական կողմը կորուստ չի կրել: ՊԲ համապատասխան ծառայությունների տվյալներով` հակառակորդն ունի կորուստներ, մանրամասները ճշտվում են:

Բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, հակառակորդը մարտի 7-ին և 8-ին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 12000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են համարժեք գործողությունների:

Բացի այդ, ադրբեջանական լրատվամիջոցները մարտի 8-ին տեղեկատվություն էին տարածել, իբր հայկական ուժերը կրակել են Ադրբեջանի Չայլու գյուղի հովիվների ուղղությամբ:

ՊԲ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ նշվածը ապատեղեկատվություն է և, ի տարբերություն ադրբեջանական կողմի, հայկական ուժերը երբեք քաղաքացիական անձանց ուղղությամբ չեն կրակում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *