Մարտի 4-ին` վաղ առավոտյան, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցով եղել է ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Զինանձնակազմի առօրյա ծառայության որոշ դրվագներ ստուգելու, ինչպես նաև զինծառայողների ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությանը ծանոթանալու նպատակով նախարար Օհանյանն անակնկալ այցի շրջանակում հետևել է անձնակազմի վերկացին, առավոտյան մարմնամարզության, սպորտմասսայական միջոցառումների մեթոդապես ճիշտ և արդյունավետ անցկացման կարգին ու ժամանակացույցին:
Պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում են եղել նաև զորամասի վերակարգի՝ հերթապահների և օրապահների պարտականությունների իմացությունը, դասացուցակների և ընդհանուր առմամբ՝ ծառայության կազմակերպմանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:
Անականկալ այցի ավարտին պաշտպանության նախարարը նախաճաշել է զորամասի զինծառայողների հետ, սննդի հետ կապված իր գոհունակությունն է արտահայտել ճաշարանի ստուգման մատյանում:
Հանկարծակի ստուգման արդյունքում արձանագրված որոշ թերությունները վերացնելու համար Սեյրան Օհանյանը առաջադրել է մի շարք խնդիրներ և համապատասխան հանձնարարականներ տվել զորամասի հրամանատարությանը: