Սեյրան Օհանյանն այցելել է հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին

Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, զրուցել է բուժանձնակազմի, բուժվող զինծառայողների և նրանց հարազատների հետ, հետաքրքրվել զինծառայողների բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում. տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Սեյրան Օհանյանի այցը զինհոսպիտալ

Սեյրան Օհանյանի այցը զինհոսպիտալ

Պաշտպանության նախարարին են ներկայացվել հոսպիտալում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները և առկա խնդիրները:

Սեյրան Օհանյանը ծանոթացել է ռազմաբժշկական հաստատությունում ապաքինվողների բուժսպասարկման, ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմաններին և հատկապես` զինծառայողներին հատկացվող պարենամթերքի տեսականուն, չափաբաժիններին և թիկունքային ապահովման հարցերին առնչվող նորմատիվային փաստաթղթերին, տվել է համապատասխան ցուցումներ:

Նույն օրը՝ ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում անցկացված խորհրդակցությանը և հանձնաժողովի անդամներին է ներկայացրել ԿՌԲՀ նորանշանակ պետ Սահակ Օհանյանին: Այս մասին ևս տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Շնորհակալություն հայտնելով ԿՌԲՀ նախկին պետ Արսեն Մելքոնյանին՝ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցած և ռազմաբժշկական համակարգում տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած Սահակ Օհանյանի մասնագիտական գիտելիքները, կազմակերպչական ջիղն ու աշխատանքային հարուստ փորձը կնպաստեն ԿՌԲՀ գործունեության արդյունավետության առավել բարձրացմանը, զինված ուժերում հիվանդացության ցուցանիշների նվազմանը, ինչպես նաև ռազմաբժշկական օղակում կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթների խստագույն վերահսկմանը` հատկապես զորակոչի կազմակերպման ընթացքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *