Արցախ այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 11-ին Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի ուղեկցությամբ եղել է բանակային բնագծի մի շարք հատվածներում և ծանոթացել հակամարտ զորքերի շփման գոտում տիրող իրավիճակին: Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:
Շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել է առաջնագծի պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված գործողությունների համալիրը, դրանցում ներդրված մարտավարական ու տեխնիկական նորարարությունները:
Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև Տիգրանակերտի բանակային վարժարանում և հետևել ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հրաձգային վաշտի կողմից անցկացվող հետևակի մարտական մեքենաների գործնական հրաձգության պարապմունքներին:
Նշենք, որ նախօրեին էլ նախարար Օհանյանը մասնակցել է Պաշտպանության բանակի հրամկազմի խորհրդակցությանը, որին Երևանի տեսակապով միացել է նաև ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատը: Ավելի ուշ նախարար Օհանյանը հանդիպել է նաև Արցախի ղեկավար Բակո Սահակյանին: