Բացառիկ. Վրաստանը բանակցում է ամերիկյան տանկերը զորավարժությունում ներգրավելու շուրջ

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին փետրվարի 2-ին  Razm.info-ի հետ հարցազրույցում անդրադարձավ մայիսին Վրաստանում անցկացվելիք Noble Partner-2016 զորավարժությանը՝ նշելով, որ Թբիլիսին բանակցում է նաև զորավարժությանն ամերիկյան Abrams տանկեր ներգրավելու շուրջ։

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին

Razm.info-ի լրագրողի հարցին, թե վրաստանյան «Ռուսթավի-2» հեռուստաընկերության տեսանյութից հետո, որում հայտարարվել էր Abrams-ների մասնակցության մասին, արդյո՞ք հավաստի է Noble Partner-2016 զորավարժության համար տանկերը Վրաստան բերելու լուրը, թե տանկերն այլ նպատակների համար են, Թինա Խիդաշելին պատասխանեց.

«Իհարկե, մենք աշխատում ենք Noble partner 2016 զորավարժության ուղղությամբ։ Անցյալ տարվա վարժանքներին օգտագործեցինք, իսկ այնուհետև մայիսին՝ Վրաստանի անկախության օրը, ցուցադրեցինք [ամերիկյան] «Բրեդլի» [հետևակի մարտական մեքենաներ]։ Այս տարի մեր գործընկերների հետ բանակցում ենք ավելի մեծ զորավարժության մասին, [ՆԱՏՕ] անդամ երկրներից ավելի մեծաթիվ զորքով, և ոչ միայն Noble Partner-ի, այլ նաև ամեն ամառ անցկացվող և արդեն ավանդական դարձող Agile Spirit Վրաստան-ՆԱՏՕ համատեղ զորավարժության համար։ Այսպիսով` զորավարժությունը կլինի Abrams-ներով, թե դարձյալ «Բրեդլի»-ներով կամ ուրիշ ինչ-որ այլ մեծ կամ ավելի կարևոր տեխնիկայով, դա գործընկերների միջև է։ Երբ համաձայնության գանք բոլոր հարցերի շուրջ, պլանները կհայտնենք, այդ թվում Abrams-ների հարցը», — հայտարարեց Խիդաշելին։

Razm.info-ի լրագրողի դիտարկմանը, թե տանկերի հնարավոր ժամանումը մեծ աղմուկ է բարձրացրել համաշխարհային մեդիայում, Վրաստանի պաշտպանության նախարարը պատասխանեց, որ համաշխարհային մեդիայում նման բան չի տեսել, աղմուկը բարձրացրել է ռուսաստանյան մեդիան։

«Եթե ռուսաստանյան մեդիան ձեզ համար համաշխարհային է… ինձ համար՝ չէ։ Նրանք ամեն ինչից աղմուկ են բարձրացնում, անգամ, որ Վրաստանը գոյություն ունի։ Այդ իսկ պատճառով դա ինձ համար հետաքրքիր չէ», — ավելացրեց Խիդաշելին։

Նշենք սակայն, որ ամերիկյան տանկերի ժամանման մասին լուրը սկզբում տարածվել էր հենց վրացական, այնուհետև ադրբեջանական, իսկ հետո նոր միայն այլ աղբյուրներում, ներառյալ ռուսականները։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի Noble partner («Ազնիվ գործընկեր») զորավարժությունն առաջին անգամ անցկացվեց Վրաստանում 2015 թ. մայիսի 11–24։ Վարժանքներին մասնակցել են շուրջ 600 ամերիկյան և վրաստանյան զինծառայողներ։

Համատեղ վարժանքների համար Միացյալ Նահանգները բուլղարական Վառնա նավահանգստից Բաթումի էր ուղարկել 14 միավոր «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաներ, ինչպես նաև թիկունքային ապահովման այլ մեքենաներ։ Բացի այդ ամերիկյան կողմից մասնակցում էր դեսանտայինների վաշտ։ Վրաստանը ներկայացված էր զինված ուժերի առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտով, 4-րդ մեխանիզացված բրիգադի 42-րդ գումարտակի 1-ին մեխանիզացված վաշտով, ինչպես նաև ռազմական ոստիկանության մեկ դասակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *