Ռուսաստանը և Հնդկաստանը ստորագրել են Կա-226 ուղղաթիռներ արտադրելու համաձայնագիր

Ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կոնցերնը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը առնվազն 200 միավոր Կա-226 ուղղաթիռ հավաքելու մասին համաձայնագիր են ստորագրել։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Կա-226Տ

Կա-226Տ

Համաձայն ստորագրված փաստաթղթի՝ Հնդկաստանում «Ռոստեխի» հետ համատեղ կազմակերպվելու է Կա-226Տ ռուսաստանյան ուղղաթիռի և դրա մոդիֆիկացիայի արտադրությունը՝ առնվազն 200 թվաքանակով, որոնցից 60-ը հավաքվելու է Ռուսաստանում, 140-ը՝ Հնդկաստանում։ Նախատեսվում է իրականացնել նաև ուղղաթիռների վերանորոգման ու տեխնիկական սպասարկման ծառայություններ։

Կոնցերնի տարածած հաղորդագրության մեջ նաև նշվել է. «Սա (փաստաթուղթը —Ռազմինֆո) մեր հնդիկ գործընկերի հետ երկարատև աշխատանքի արդյունքն է։ Սա ռուս-հնդկական առաջին բարձրտեխնոլոգիական ծրագիրն է, որն իրականացվում է Հնդկաստանի կառավարության հետ «Ստեղծի՛ր Հնդկաստանում» (Make in India) նախաձեռնության շրջանակներում»։

Հաղորդագրության մեջ նաև մեջբերված են «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի խոսքերն այն մասին, որ ուղղաթիռների արտադրությունը կազմակերպվելու է Հնդկաստանում ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության հիմնադրմամբ, որին մասնակցելու են ռուսաստանյան «Ռոստեխ» ու «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգները և հնդկաստանյան Hindustan Aeronautics Limited (HAL) կորպորացիան։

Հիշեցնենք, որ այս ուղղաթիռների արտադրության հարցը, ի թիվս ռազմարդյունաբերության ոլորտում ռուս-հնդկական համագործակցության մի շարք այլ ծրագրերի, քննարկվել է ռուս-հնդկական ռազմատեխնիկական համագործակցության ամենամյա գագաթնաժողովին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *