[Լրացված] Ղրիմի թաթարները հայտնում են Թուրքիայի ռազմական օգնությամբ թերակղզին գրավելու ծրագրերի մասին

Ղրիմի թերակղզին «քաղաքացիական շրջափակման» ենթարկելու գործողությունների համակարգող, Ղրիմի Ինքավարության նախկին վարչապետ Լենուր Իսլյամովը հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ի օգնությամբ ղրիմի թաթարներից բաղկացած 560-հոգանոց կամավորական գումարտակի ստեղծման մասին, որը պետք է Ղրիմը վերադարձնի Ուկրաինայի ենթակայության տակ: Լենուր Իսլյամովի հայտարարությունը փոխանցում է «Օդեսայի ճգմաժամային մեդիակենտրոնը»:

Ռուսաստանյան զինված ուժերի Տ-72Բ տանկը Ղրիմում

Ռուսաստանյան զինված ուժերի Տ-72Բ տանկը Ղրիմում

Ղրիմի թաթարների ներկայացուցիչը նշել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը օգնություն է տրամադրում կամավոր սկզբունքներով: Վերջինիս օգնությամբ նոր ստեղծվող գումարտակը պետք է նախ ծովից շրջափակի Ղրիմը, ապա պետք է անցնեն բուն Ղրիմի գրավմանը` այն վերադարձնելով Ուկրաինայի ենթակայության տակ:

Իսլամովը նշել է, որ գումարտակն արդեն կազմավորման փուլում է: Մասնավորապես Թուրքիան մոտ օրերս պատրաստվում է գումարտակին տրամադրել ռազմական համազգեստի 1-ին խմբաքանակը` 250 զույգ: Իսկ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը «դեռ քիթն է քորում»:

Նրա խոսքերի համաձայն` արդեն 2016-ի հունվարի 15-ին հայտնի կլինի զորամասի համարը, որի մեջ կընդգրկվի միայն նոր ստեղծվող գումարտակը, և նույն ժամանակ կգումարվի Ղրիմի թաթարների ժողով` գումարտակի գործողությունները մշակելու համար:

Այս տեղեկության տարածվելուց հետո ՌԴ պետական դումայի անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրինա Յարովայան նշել է, որ եթե Թուրքիան իրապես օգնում է նշված գումարտակի ստեղծմանը, ապա դա կնպաստի «թուրքական իշխանությունների ավելի հեղինակազրկմանը» և Ռուսաստանի հետ հարաբերությունների ավելի վատացմանը:

Թուրքական կողմը դեռևս ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրել Ղրիմի թաթարներին ռազմական օգնություն տրամադրելու հարցով: Թուրքական լրատվամիջոցները պարզապես հայտնել են երկու կողմերի հայտարարությունները:

Լրացում. Դեկտեմբերի 29-ին Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ ստեղծվող գումարտակին թուրքական կողմից օգնություն տրամադրելու մասին լուրերը կեղծ են, սակայն, այնուամենայնիվ, Թուրքիան մշտապես հայտարարել է, որ չի ճանաչում և չի ճանաչելու «Ղրիմի անօրինական զավթումը»:

Նշենք, որ դեռևս 2014-ի մարտին, երբ հանրաքվեից հետո Ղրիմը միացվեց Ռուսաստանին` Թուրքիան պաշտոնապես հայտնեց իր դիրքորոշումն առ այն, որ «Ղրիմի անջատումն Ուկրաինայից անընդունելի է, և Թուրքիան կողմ է միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը»։

Ղրիմի թաթարների հակառուսական բողոքի ցույցը Անկարայում

Ղրիմի թաթարների հակառուսական բողոքի ցույցը Անկարայում

Ինչպես գիտենք Ղրիմը մեծ ռազմավարական նշանակություն ունի Սև ծովում: Այն հսկայական նշանակություն ունի Ռուսաստանի համար, քանի որ կորցնելով իր ռազմածովային բազաները, Ռուսաստանը կզրկվի Սև ծովում ունեցած իր դիրքից, որը քաղաքական անդառնալի ազդեցություն կունենա Ռուսաստանի համար:

Զարմանալի չէ նաև Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցով, քանի որ Ռուսաստանի՝ Ղրիմը կորցնելու դեպքում այն կհաստատի իր ազդեցությունը Սև ծովում: Այդ իսկ պատճառով Թուրքիան մշտապես օգտագործել է Ղրիմի թաթարների գործոնը, ցանկանալով նրանց շնորհիվ թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը Ղրիմում:

Թուրքիան պաշտոնապես ատանձնել է Ղրիմի թաթարների հովանավորությունը, ինչը բազմիցս վերահաստատվել է Ուկրաինա այցի դեպքում Ղրիմի թաթարների առաջնորդի հետ Թուրքիայի ղեկավարների հանդիպման և վերջինիս պարբերաբար Թուրքիա կատարած պաշտոնական այցերի շնորհիվ:

2014թ. Ղրիմի՝ Ռուսաստանին միացումից հետո Ղրիմի թաթարների առաջնորդ Աբդուլջեմիլ Քըրըմօղլուի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անկախության հանրաքվեն և որ այն օրինականություն չունի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *