Իրանը փոխարինել է Արաբական ծովում հերթապահող իր ռազմանավերը

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Իրանի ԶՈւ ռազմածովային ուժերի 37-րդ նավատորմիղը Իրանի Բանդար Աբբաս նավահանգստից ուղևորվել է Արաբական ծով, որտեղ իրականացնելու է հերթապահություն: Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Իրանական տորմիղի կազմում են էսկադրային ականակիր «Սաբալան» (էսմինեց) և թիկունքային ապահովման «Թունբ» նավերը: Այս ռազմանավերը փոխարինելու են Ադենի ծոցում և Արաբական ծովում 2015-ի սեպտեմբերից նավարկող 36-րդ նավատորմիղին (Էսկադրային ականակիր «Ալվանդ» (էսմինեց) և թիկունքային ապահովման «Բանդար Աբբաս» նավեր), որն Իրան է վերադարձել երեկ՝ նոյեմբերի 30-ին:

37-րդ տորմիղի ռազմանավերի հանդիսավոր հրաժեշտի արարողությանը ներկա է եղել Իրանի նավատորմի հրամանատար, ծովակալ Հեբիբոլլահ Սայարին:

Գործակալությունը նշում է, որ միջազգային ծովային տարածքում Իրանի ռազմանավերը հերթապահություն են անում 2008-ից սկսած: Ռազմանավերի հերթապահության նպատակն այդ տարածքներում, մասնավորապես՝ Արաբական ծովում, Ադենի ծովածոցում և Կարմիր ծովում նավարկող քաղաքացիական, առևտրային նավերի անվտանգության ապահովումն է ծովահեններից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *