Իրանը փոխարինել է Արաբական ծովում նավարկող իր ռազմանավերը

Իրանի ռազմական նավատորմի 35-րդ տորմիղը, որը քաղաքացիական նավերի անվտանգությունն ապահովելու նպատակով 3 ամիս նավարկում էր Ադենի ծոցում և Արաբական ծովում, վերադարձել է Իրան: Նրան փոխարինել է Իրանի նավատորմի 36-րդ տորմիղը: Այս մասին տեղեկացնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:

Իրանի ռազմանավերի հսկած տարածքը՝ Արաբական ծով, Ադենի ծոց, Կարմիր ծով

Իրանի ռազմանավերի հսկած տարածքը՝ Արաբական ծով, Ադենի ծոց, Կարմիր ծով

Իրանի ռազմական նավատորմի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլա Սայալիի հավաստմամբ՝ միջազգային ծովային տարածքում Իրանի ռազմանավերի նավարկության նպատակն այդ տարածքներում, մասնավորապես Արաբական ծովում, Ադենի ծովածոցում և Կարմիր ծովում նավարկող քաղաքացիական, առևտրային նավերի անվտանգության ապահովումն է ծովահեններից:

Էսկադրային ականակիր «Ալվանդ» (էսմինեց) և թիկունքային ապահովման «Բանդար Աբբաս» նավերից կազմված տորմիղը նշված ջրային տարածքում «հերթապահություն» է իրականացրել 2015-ի հունիսից: Այս ընթացքում իրանական ռազմանավերն ուղեկցել են իրենց հսկած տարածքով անցնող շուրջ 150 քաղաքացիական, առևտրային նավերի, տանկերների: Դրանց անվտանգության ապահովման ընթացքում իրանական ռազմանավերը 4 անգամ բախում են ունեցել ծովահենների հետ, ինչպես նաև 3 անգամ հասել են օտարերկրյա նավերի օգնության կանչին, փոխանցում է իրանական «Ֆարս» գործակալությունը:

35-րդ տորմիղի փոխարինման համար նավարկության է դուրս եկել Իրանի ռազմական նավատորմի 36-րդ տորմիղը, որի կազմում են էսկադրային ականակիր «Ջամարան» (էսմինեց) և թիկունքային ապահովման «Բուշեհր» ռազմանավերը: Հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ իրանական ռազմանավերն այդ տարածքում հերթապահություն են անում դեռևս 2008 թվականից: Հերթապահության համար հիմք են ՄԱԿ ԱԽ բանաձևերը, որոնք պետություններին թույլ են տալիս իրենց ռազմանավերով ապահովել քաղաքացիական նավերի նավարկությունը տվյալ տարածքով:

One response to “Իրանը փոխարինել է Արաբական ծովում նավարկող իր ռազմանավերը

  1. Pingback: Իրանը փոխարինել է Արաբական ծովում հերթապահող իր ռազմանավերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *