Վրաստանի վարչապետը հրավիրել է պետանվտանգության և ճգնաժամային կառավարման խորհրդի նիստ

Նոյեմբերի 18-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով այժմ Բրյուսելում է, հրավիրել է կառավարությանն առընթեր պետական անվտանգության և ճգնաժամային կառավարման խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվելու են այդ երկրի անվտանգությանն ուղղված հարցեր։ Այս մասին նոյեմբերի 16-ին տեղեկացնում է վրաստանյան Interpressnews.ge լրատվական գործակալությունը։

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստը

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստը
23.09.2015թ

Հատկանշական է, որ հենց նույն օրը Վրաստանի այժմ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության (Միխեիլ Սաակաշվիլի կուսակցությունը) անդամ Իրմա Նադիրաշվիլին կոչ էր արել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։

«Մենք ուզում ենք խոսել այն սպառնալիքներից, որի առջև կանգնած է ամբողջ աշխարհը։ Վրաստանն առանձին ու անջատված կղզյակ չէ, որ ահաբեկրության սպառնալիքը մեզ չվերաբերի։ Անվտանգության ծառայությունում ( հավանաբար նկատի ունի վերջերս ստեղծված պետական անվտանգության ծառայությանը —Razm.info) ոչ մի քայլ չեն ձեռնարկում երկիրն այդ սպառնալիքներից պաշտպանելու համար։ Այդ իսկ պատճառով «Միացյալ ազգային շարժում»-ը կարծում է, որ կառավարությունը պարտավոր է տեղեկացնել հանրությանը, թե ինչպես են աշխատում այդ ծառայությունները և ինչ քայլեր են ձեռնարկվելու։ Մենք դիպում ենք Վրաստանի նախագահին՝ երկրի գլխավոր հրամանատարին, հրավիրել անվտանգության խորհրդի նիստ և իր ձեռքը վերցնել այդ ամենի համակարգումը»,— հայտարարել է Իրմա Նադիրաշվիլին։

Նշենք, որ ինչպես երկրի վաչապետը, այնպես էլ նախագահն ունի իրեն առընթեր անվտանգության խորհուրդը(Վրաստանում անվտանգության 3 համանման կառույց է գործում՝ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհուրդը, կառավարությանն առընթեր պետական անվտանգության ու ճգնաժամային կառավարման խորհուրդը և արդեն պետական անվտանգության ծառայությունը—Razm.info)։ Չնայած այս կառույցի լիազորությունները վերջին շրջանում էականորեն կրճատվեցին, սակայն վարչապետի հետ քաղաքական «հավասարակշռությունը» պահելու համար այն նախագահի ձեռքում դեռևս որոշակի լծակ է։ Վրաստանի նոր սահմանադրությամբ ԱԱԽ-ի իրավասությունները զգալիորեն կրճատվել են։ Խորհուրդը կարող է զբաղվել միայն պետական պաշտպանության հարցերով, քարտուղարն այլևս իրավունք չունի խառնվել երկրում ճգնաժամային իրավիճակներին։

Տեղեկացնենք նաև, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին, Վրաստանի նորաստեղծ պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Նինո Գիորգոբիանին հայտարարել էր, որ Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո Վրաստանում անվտանգության նկատառումներով մի շարք քայլեր են ձեռնարկվել։ «Խստացվել են սահմաններում և օդանավակայաններում անվտանգության միջոցները»,— հայտարարել էր Նինո Գիորգոբիանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *