ՀՀ ԶՈւ գնդային զորավարժությանը ներգրավվել է մեծաքանակ պահեստազոր

Նոյեմբերի առաջին կեսին «Բաղրամյան» զորավարժարանում ճամբարային հավաք են անցկացրել ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները: Նոյեմբերի 10-ին հավաքը եզրափակվել է գնդային մարտավարական զորավարժության եզրափակիչ կրակային փուլով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի նոյեմբերի 14-ի թողարկումը:

Զորավարժության մեկնարկը տրվում է Մ-46 հրանոթների կրակով

Զորավարժության մեկնարկը տրվում է Մ-46 հրանոթների կրակով

Զորավարժության մարտական հրաձգության փուլի մեկնարկն ազդարարվել է հրետանու համազարկերով: Զորավարժությանը, բացի գնդի տարբեր զորատեսակների ստորաբաժանումներից, ներգրավված է եղել նաև մեծաքանակ պահեստազոր:

Զորահամալրման մասին մանրամասներ ներկայացնելով՝ 5-րբ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ նոյեմբերի 2-ին գունդն իրականացրել է զորահամալրում: Այնուհետև պահեստազորայինները դուրս են բերվել իրենց ներդաշնակման շրջան և իրականացրել մարտական ներդաշնակում: Դրանից հետո՝ գնդային մարտավարական զորավարժության ընթացքում, գնդի ողջ անձնակազմի հետ պահեստազորայինները նույնպես մասնակցել են զորավարժության մարտական հրաձգությամբ փուլին:

Հայկական զորամասի հարձակումը, որին մասնակցում են նաև պահեստազորայինները

Հայկական զորամասի հարձակումը, որին մասնակցում են նաև պահեստազորայինները

Գնդի զորաշարժին մասնակցող զրահատեխնիկան

Գնդի զորաշարժին մասնակցող զրահատեխնիկան

Բուն զորավարժության սցենարի համաձայն՝ պայմանական հակառակորդի ստորաբաժանումները, ճեղքելով գնդի պահպանության շրջանի առաջնագիծը և մի քանի տասնյակ կիլոմետր խորությամբ մխրճվելով մարտական գործողությունների տարածք, փորձում են ստեղծել նպաստավոր պայմաններ՝ հետագա հարձակումը զարգացնելու համար:

Զորավարժության մասնակցող գնդի հիմնական ստորաբաժանումները, ընթացքին հարձակողական մարտ վարելով՝ ջախջախում են հակառակորդի ուժերը իրենց պաշտպանության շրջաններում և կատարում առաջադրված խնդիրը: Մարտին մասնակցում են նաև ճակատային ավիացիան (Մի-24 հարվածային ուղղաթիռներ), հատուկ նշանակության և մոտոհրաձգային ստորաբաժանումները (տանկեր և այլ զրահատեխնիկա): Առաջնագիծը վերականգնվում է, հակառակորդի գլխավոր ուժերը՝ ջախջախվում:

«Ամենակարևորը որ խնդիրը կատարված է, և անվտանգության առումով խնդիրներ չենք ունեցել, — զորավարժության մասին խոսելով՝ հայտնում է մասնակից գնդի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանը, — զորավարժությունները հասան իրենց նպատակին, քանզի այս միջոցառման հիմնական նպատակներն էին բարձրացնել ստորաբաժանումների փոխհամագործակցված գործողությունները առաջնագծում առաջադրված խնդրի կատարման գործում, բարձրացնել հրամանատարական կազմի ունակությունները ղեկավարման ուղղությամբ, ինչպես նաև ապահովել կրակային խոցման արդյունքները»:

Գնդի հրամանատարի խոսքով՝ զորավարժության ամփոփման փուլում իրենք պարզելու են բոլոր բացթողումները և դրանց վրա սևեռեն ուշադրությունը՝ հետագա ծառայության ընթացքում ավելի մարտունակ ստորաբաժանումներ պատրաստելու համար:

Պահեստազորայինի ողջույնը հայկական զորամասի հակահարձակման ժամանակ

Պահեստազորայինի ողջույնը հայկական զորամասի հակահարձակման ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *