Նոյեմբերի 14-ին Սպիտակ ծովի զորավարժարանում 955 նախագծի (Բորեյ) «Վլադիմիր Մոնոմախ» ատոմային սուզանավը «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով հաջողված երկու արձակում է իրականացրել։ 2015 թվականին սա առաջին արձակումն էր, իսկ 2014 թվականին հրթիռի ևս 3 արձակում էր եղել վերջին ձախողումներից հետո։
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, Հյուսիսային նավատորմի «Վլադիմիր Մոնոմախ» սուզանավը Սպիտակ ծովից «Բուլավա» հրթիռներով հարվածել է Կամչատկայում տեղակայված Կուրա զորավարժարանի թիրախին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, այս փորձարկումից հետո սուզանավը Հյուսիսային նավատորմից կանցնի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հաշվեկշռին։ Այս տարվա ընթացքում «Բուլավայի» այլ փորձարկում այլևս չի նախատեսվում։
Նշենք, որ այս հրթիռները վերջին մի քանի տարում շատերի ուշադրության կենտրոնում էին՝ «թռչել» չկարողանալու պատճառով։
Ռուսաստանյան «Բորեյ» 955 նախագծի սերիական արտադրության առաջին ռազմավարական միջուկային սուզանավերի «Ալեքսանդր Նևսկիի» և «Վլադիմիր Մոնոմախի» հիմնական սպառազինությունը հենց այս հրթիռներն են։ Յուրաքանչյուր սուզանավի սպառազինության համար նախատեսվում է16 միավոր միջմայրցամաքային բալիստիկ «Բուլավա-30» հրթիռ: Սակայն արդեն երկար ժամանակ տարբեր փորձարկումների ընթացքում հրթիռները չէին կարողանում կատարել առաջադրանքը։
Նշվում է, որ 2004-ից ի վեր Ռուսաստանում ընդհանուր առմամբ արտադրվել է 46 «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ: Փորձարկումների փուլում արձակվել է դրանցից 23-ը, սակայն հրթիռի 7 արձակում անհաջողության է մատնվել:
Փորձարկումների վերջին ձախողումն արձանագրվել է 2013-ի սեպտեմբերի 6-ին՝ Ալեքսանդր Նևսկի ատոմային սուզանավի վրայից արձակման ժամանակ։ Դրանից հետո ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել էր դադարեցնել փորձարկման բոլոր աշխատանքները՝ մինչև հրթիռներում առկա թերությունների հայտնաբերումը: Անհաջող արձակման պատճառների մասին ՌԴ ռազմածովային ուժերի ծովակալ Վիկտոր Չիրկովի գլխավորությամբ հետաքննությունն իրականացնող հանձնաժողովն իր եզրակացությունում նշել էր, որ դրա պատճառը եղել է գործարանային խոտանը: Թվով հինգ հրթիռ վերադարձվել էր գործարան՝ լրացուցիչ հեռահաղորդակցման համակարգով ապահովելու համար։ Նշվում էր, որ սա հնարավորություն է տալու հսկել հրթիռի թռիչքի ողջ ընթացքը:
Հրթիռների արձակումը վերսկսելու մասին հրամանը ՌԴ պաշտպանության նախարարը ստորագրեց արդեն 2014 թվականի մայիսի վերջին, որից հետո հրթիռները հաջողությամբ արձակվել են սեպտեմբերի 10-ին «Վլադիմիր Մոնոմախ», հոկտեմբերի 29-ին՝«Յուրի Դոլգորուկի» և նոյեմբերի 28-ին՝ «Ալեքսանդր Նևսկի» սուզանավերից։