Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի ուղղաթիռների օդաչուները սկսել են թռիչքներ իրականացնել Հյուսիսային Կովկասում՝ Կաբարդիո-Բալկարիայի լեռներում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը։
Օդաչուները թռիչքներ են կատարելու՝ հանձնելով մարտավարական և կրակային նորմատիվներ՝ թռիչքների ժամանակ կիրառելով հաստիքային սպառազինություն։ Դժվարամատչելի վայրերում գիշերային և ցերեկային ժամերին օդաչուները փորձարկելու են 5- 200 մետր օդ բարձրանալու կարողությունները։
Օդաչուների հիմնական առաջադրանքն է կատարելագործել Մի-8-ՄՏՎ, Մի-8ԱՄՏՇ և Մի-24 ուղղաթիռներով լեռնային հատվածներում թռիչքներ անելու հմտությունները։
Ավելացնենք, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է, որը ՀՀ-ում տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։