Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, անդրադարձել է ամերիկյան Fox News հեռուստաընկերության տարածած այն տեղեկությանը, թե Ռուսաստանն իր բեռնատար ինքնաթիռներով 10 օր է՝ աջակցում է Իրանին զենք տեղափոխել Սիրիա։
Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում։
«Մենք բազմիցս ենք խոսել, թե ինչպես են Իրանը և նաև Ռուսաստանն իրենց միջամտությամբ աջակցում Ասադի վարչակարգի գոյատևմանն ու հակամարտության երկարաձգմանը։ Ներկայում Իրանի նկատմամբ այդ երկրի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և հետախուզության ու անվտանգության նախարարության՝ Ասադի ռեժիմին աջակցելու համար ՄԱԿ-ի 1747-րդ բանաձևով զենքի էմբարգո ու պատժամիջոցներ են կիրառվում։ Ու եթե պարզվի, որ Ռուսաստանը խախտել է ՄԱԿ-ի որոշումը, ապա ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ հարցը կպարզաբանի ինչպես երկկողմ, այնպես էլ ՄԱԿ-ի մակարդակով»,— նշել է Քիրբին։
Նշենք, որ այս հարցի վերաբերյալ նույն օրը ամերիկյան Fox News-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզական ծառայության տվյալներին, հայտնել էր, որ ռուսաստանյան կողմը, խախտելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի՝ Իրանի նկատմամբ զենքի էնբարգո կիրառելու մասին որոշումը, իր բեռնատար ինքնաթիռներով Իրանից Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազա է հասցրել իրանական զենք ու զինամթերք՝ օրական կատարելով 2 չգրանցված թռիչք։ Հոդվածում նաև նշվում է, որ թռիչքները համակարգում են Իրանի «Ղոդս» ուժերի (արտերկրում գործողություններ իրականացնող հատուկ զորամիավորում) ղեկավար Ղասեմ Սուլեյմանին և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նշենք, որ ռուսաստանյան կողմը պաշտոնական մակարդակով դեռևս չի արձագանքել այս մեղադրանքին։