Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական ԶՈւ շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում, որին մասնակցել են ԵԱՀԿ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի արտգործնախարարության կայքը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դիտարկման ավարտին ադրբեջանական կողմը սկսել է կրակել հրազենային զենքից։ Թվիթերի իր էջում ԵԱՀԿ համանախագահ Ջեյմս Ուորլիքը նույնպես նշել է գնդակոծության մասին, նշելով, որ կրկնվող կրակոցները ստիպել են դիտորդներին թաքնվել։ «Սա անընդունելի է»,— գրել է համանախագահը։
Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:
Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցել են ադրբեջանական տարածք՝ Արցախի կողմից:
Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության բանակի ներկայացուցիչները:
Լրացում.
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դիտարկումից հետո հաղորդագրություն է տարածել, նշելով, որ իբր դիտարկման ժամանակ կրակել է հայկական կողմը։
ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը, նշելով, որ սա հակառակորդի կողմից կիրառվող հերթական քարոզչական հնարքն է և իրականությանը չի համատասխանում։
Pingback: ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպրշիկին | Ռազմ.info