ՀԱՊԿ կենտրոնասիական պետությունները համատեղ զորավարժություն են անցկացրել

Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի զինծառայողները մասնակցել են ՀԱՊԿ կենտրոնասիական տարածաշրջանային հավաքական արագ բացազատման ուժերի զորավարժությանը: Այս մասին հոկտեմբերի 27-ին տեղեկացնում է Ղազախստանի ՊՆ կայքը:

Զորավարժությունը տևել է 5 օր և անցկացվել է Ռուսաստանի զինված ուժերի կենտրոնական ռազմական շրջանի զորավարժարարններից մեկում: ՀԱՊԿ միացյալ շտաբի հրավերով զորավարժությանը, բացի մասնակից երկրների ներկայացուցիչներից, հետևել են նաև Բելառուսի և Հայաստանի ներկայացուցիչներ:

Հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում մասնակիցները կատարելագործել են հրամանի ստացման դեպքում մարտական գործողությունների ղեկավարման շտաբային գործողությունները:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս զորավարժությունը 2015թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ապահովման ուղղությամբ հավաքական միացյալ ուժերի և միջոցների հետ անցկացված վերջին միջոցառումն է եղել:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ միավորված տարածաշրջանային ուժերի զարգացման վերաբերյալ սեպտեմբերին անցկացված ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի մասին խոսել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նշելով Հայաստանի՝ կառույցում նախագահության առաջնահերությունները՝ ՀՀ նախագահը հայտարարել է, որ առաջին պլան են մղվելու արագ արձագանքման հավաքական ուժերի և միավորված տարածաշրջանային ուժերի հետագա կատարելագործումը, դրանց կիրառման հետ կապված որոշումների կայացման և իրականացման օպերատիվության բարձրացումը, ինչպես նաև օպերատիվ և մարտական պատրաստվածության գծով համատեղ միջոցառումների անցկացումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *