Զորավարժության ընթացքում Իրանի ԶՈւ-ն մարտական ռոբոտ է ներկայացրել

Հոկտեմբերի 19-20-ին Իրանի արևմտյան և հյուսիսարևմտյան տարածքներում անցկացված զորավարժության ժամանակ իրանական կողմը ներկայացրել է նաև տեղական արտադրության մարտական ռոբոտ: Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՐՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանի զինված ուժերի նոր մարտական ռոբոտը. լուսանկարը «ԻՐՆԱ» գործակալության

Իրանի զինված ուժերի նոր մարտական ռոբոտը. լուսանկարը «ԻՐՆԱ» գործակալության

Թրթուռավոր ռոբոտի մարտավարատեխնիկական բնութագրերը չեն ներկայացվում, սակայն դրա տեսքից կարելի է ենթադրել, որ ամրացված տեսախցիկի միջոցով այն տեսաազդանշան է ուղարկում հեռակառավարման վահանակով աշխատող օպերատորին, որի հրահանգով էլ կիրառում է ամրացված զենքը կամ կատարում է հետախուզություն:

Հետաքրքիր է, որ իրանական «Թասնիմ» գործակալությունն իր հերքին մեջբերել է Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանի խոսքը, ըստ որի՝ զորավարժությունների ժամանակ կիրառվել են «տեղական արտադրության կամիկաձե-ռոբոտներ»:

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը հայտնել է նաև, որ զորավարժության ժամանակ կիրառվել են նաև այլ, դեռևս գաղտնի զինատեսակներ:

Ավելացնենք, որ իրանական զինված ուժերի՝ հոկտեմբերի 19-20-ին անցկացված «Մոհարրամ» զորավարժությանը մասնակցել են երկրի զինված ուժերի ցամաքային զորքերը, ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը:

Զորավարժության վարժանքներից մեկի ընթացքում իրանցի զինվորականները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի են բերել հակաօդային պաշտպանության ուժերը, որպեսզի պաշտպանեն Արաքի (Թեհրանից 200կմ հարավ-արևմուտք) ատոմակայանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *