Հոկտեմբերի 19-ին Իրանի արևմտյան և հյուսիսարևմտյան շրջաններում մեկնարկել է երկրի զինված ուժերի «Մոհարրամ» («محرم») զորավարժությունը, որին մասնակցում են երկրի զինված ուժերի ցամաքային զորքերը, ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը: Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՐՆԱ» լրատվական գործակալությունը:
Զորավարժության վարժանքներից մեկի ընթացքում իրանցի զինվորականները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի են բերել հակաօդային պաշտպանության ուժերը, որպեսզի պաշտպանեն Արաքի (Թեհրանից 200կմ հարավ-արևմուտք) ատոմակայանը:
Վարժանքի ընթացքում պայմանական հակառակորդի թռչող սարքերը հայտնաբերելու համար ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են անօդաչու թռչող սարքեր, ռադիոտեղորոշման ռադարներ և այլն: Այս մասին տեղեկացնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ այս վարժանքից բացի, զորավարժության մյուս փուլերն անցկացվում են երկրի արևմտյան և հարավարևմտյան մի քանի շրջաններում: Դրանց ընթացքում կիրառվում են նաև տեղական արտադրության ռադարներ և հրթիռներ:
Բացի բուն ռազմական գործողություններից, զորավարժության ավելի վաղ փուլում անցկացվել են նաև հոգեբանական պատրաստության վարժանքներ, որոնց ընթացքում զորավարժության մասնակիցները պիտի գցեին թշնամու մարտական ոգին և հակառակը՝ բարձրացնեին իրենց ստորաբաժանումների մարտական ոգին:
Զորավարժությունը երկօրյա է, նախատեսված է այն ավարտել այսօր՝ հոկտեմբերի 20-ին: Զորավարժության նպատակը, ըստ «Մեհր» գործակալության, ժամանակակից միջոցներով պաշտպանության ապահովումն է և վտանգների արագ արձագանքելու ցուցանիշների ստուգումը:
Pingback: Զորավարժության ընթացքում Իրանի ԶՈւ-ն մարտական ռոբոտ է ներկայացրել | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Իրան. 18–24 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info