Աֆղանստանում ԱՄՆ-ի ինքնաթիռ է վթարվել. կա 14 զոհ

Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերն Աֆղանստանի արևելյան Ջալալաբադ քաղաքի մոտ վթարվել է ԱՄՆ բանակի ռազմական ինքնաթիռ։ Արդյունքում մահացել է 14 մարդ, որոնցից 6-ը եղել են ամերիկացի զինծառայող, 5-ը՝ քաղաքացիական պայմանագրային, 3-ը՝ աֆղանցի։ Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը։

«Թալիբան» շարժման մամուլի խոսնակը հայտարարել է, որ ինքնաթիռը խոցել են իրենց զինյալները, ինչին ի պատասխան ամերիկյան կողմը նշել է, որ ինքնաթիռի ընկնելու պահին հակառակորդը չի կրակել, իսկ ԱՄՆ-ի՝ Բահրամի ավիաբազայում տեղակայված 455-րդ օդային էքսպեդիցիոն թևի (Air Expeditionary Wing) հայտարարությունում ինքնաթիռի վթարը որակվել է «պատահար»: Այլ մանրամասներ չեն նշվել։

Ինքնաթիռի վթարի պատճառները պարզելու համար ընթանում է հետաքննություն։

Հատկանշական է, որ ինքնաթիռի վթարվելուց ժամեր առաջ աֆղանական զորքերը հաջողել էին հետ գրավել ռազմավարական նշանակության հյուսիսային Կոնդուզ նահանգի կենտրոնը, որը «թալիբանների» ձեռքն էր անցել դրանից 3 օր առաջ՝ սեպտեմբերի 28-ին։

AFP-ն այս դեպքի առթիվ նաև նշում է, որ խոսքը C-130 Hercules բեռնատար ինքնաթիռի մասին է:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլից «Թալիբանը» նոր թափով է սկսել ահաբեկչական գործողություններ իրականացնել։

Վերջին ամիսներին «Թալիբանին» հաջողվել է գրավել մի քանի շրջաններ, որոնք, սակայն, կառավարական ուժերը կարճ ժամանակահատվածում կրկին վերցրել են իրենց վերահսկողության տակ։

Նշենք, որ «Թալիբանի» և «Ալ Քաիդայի» զինյալները ներկայումս պայքարում են երկրից վերջնականապես հեռացնելու համար ամերիկյան և մյուս պետությունների զորքերը, որոնք Աֆղանստանում են ՆԱՏՕ-ի ու վերջինիս դաշնակիցների՝ Աֆղանստանում մեկնարկած ISAF առաքելության, իսկ 2015-ի հունվարի 1-ից՝ «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում։

Հավելենք նաև, որ Աֆղանստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում «Թալիբանի» զինյալների հետ խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու համար։ Դեռևս մայիսի 3-ին, աֆղանական իշխանությունները «Թալիբանի» հետ զինադադար կնքելու ոչ պաշտոնական բանակցություններ են վարելՔաթարում, իսկ հուլիսի 7-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կայացել է նաև պաշտոնական բանակցությունների առաջին փուլը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *