Աֆղանստանի իշխանություններն առերես, հանրային բանակցություններ են սկսել «Թալիբանի» հետ

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հուլիսի 7-ին կայացել են Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի գլխավորած պատվիրակության և այդ երկրում ներկայիս կառավարությունը տապալելու և ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու համար պայքարող «Թալիբան» շարժման ներկայացուցիչների առաջին առերես, հանրային բանակցությունները: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանի Ահմադզայը

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանի Ահմադզայը

Բանակցությունների մասին Գանին հայտնել է հուլիսի 7-ի վաղ առավոտյան՝ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունից ժամեր անց (ենթադրվում է՝ կազմակերպիչները «Թալիբանի» զինյալներն են)։

Պակիստանը հյուրընկալել է բանակցող կողմերին՝ որպես աջակցություն Աֆղանստանում խաղաղությունը վերականգնելու գործընթացին: Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը, ով պաշտոնական այցով գտնվում է Նորվեգիայում, այս բանակցությունները շրջադարձային է որակել՝ հավելելով, որ մեծ ջանքեր է պետք ներդնել՝ խնդիրը լուծելու համար, ու միջազգային հանրությունը պետք է ուշիուշով հետևի, որ ոչ ոք չփորձի ձախողել բանակցային գործընթացը:

Աղֆանական կառավարության և «Թալիբանի» ներկայացուցիչների՝ բանակցելու փորձը ողջունել է նաև ԱՄՆ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էրնեսթը:

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կողմերը համաձայնել են շարունակել բանակցությունները՝ իսլամական Ռամադան տոնից հետո:

ԱՄՆ-ի ռազմական մեքենաների շարասյունը Աֆղնստանում՝ հունիսի 30-ի պայթյունից հետո

ԱՄՆ-ի ռազմական մեքենաների շարասյունը Աֆղնստանում՝ հունիսի 30-ի պայթյունից հետո

Նշենք, որ միայն նախորդ շաբաթվա ընթացքում Աֆղանստանում գրանցվել է «Թալիբանի» կողմից կազմակերպված երկու ահաբեկչական դեպք, որոնցից առաջինը տեղի է ունեցել հունիսի 30-ին: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանից ԱՄՆ դեսպանատուն տանող ճանապարհին մահապարտ-ահաբեկիչը մեքենայով մխրճվել է ՆԱՏՕ-ի միջազգային ուժերի շարասյանը և պայթեցրել իրեն։ Արդյունքում զոհվել էր Աֆղանստանի 5 քաղաքացի, մոտ 2 տասնյակ քաղաքացի էլ վիրավորվել է։ Եվս մեկ դեպք տեղի է ունեցել հուլիսի 7-ին, երբ մահապարտ-ահաբեկիչը հարձակվել է Քաբուլի արևելք ընթացող մեքենայի վրա, որի մեջ եղել են օտարերկրյա զինվորականներ: Այս գործողության հետևանքով երկու մարդ է վիրավորվել:

Հավելենք, որ աֆղանական իշխանությունները «Թալիբանի» հետ զինադադար կնքելու ոչ պաշտոնական բանակցություններ են վարել նաև Քաթարում՝ մայիսի 3-ին: Այս դռնփակ բանակցությունները ձախողվել են, քանի որ «Թալիբանի» ներկայացուցիչները ոչ մի զիջման չեն գնացել և պահանջել են երկրից ամբողջությամբ դուրս բերել ամերիկյան զորքերը:

Նշենք, որ 2001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա «Ալ Քաիդա» խմբավորման ահաբեկչական հարձակումից հետո ՆԱՏՕ-ն ու վերջինիս դաշնակիցներն Աֆղանստանում պայքարում են «Ալ Քաիդայի» և «Թալիբան» շարժման դեմ, որոնք 1996-ից 2001 թթ. լուրջ դեր են խաղացել այս երկրի քաղաքական կյանքում։ Դաշինքի ISAF առաքելության շրջանակներում Աֆղանստանում պայքարել են «Թալիբան» շարժման և «Ալ Քաիդայի» դեմ, որոնք էլ իրենց հերթին ձգտում են միջազգային ուժերին հեռացնել Աֆղանստանից:

ISAF առաքելությունն ավարտվել է 2014-ի դեկտեմբերի 28-ին: Նույն օրը Քաբուլում բարձրացվել է  «Վճռական աջակցություն» նոր առաքելության դրոշը: Այս ծրագրի շրջանակներում Աֆղանստանում թողնվել է 9800 ամերիկացի զինծառայող:

Հավելենք նաև, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին և Աֆղանստանում ԱՄՆ դեսպան Ջեյմս Քանինհեմը 2014-ի սեպտեմբերի 30-ին մայրաքաղաք Քաբուլում ստորագրել էին անվտանգության պայմանագիր, որով ԱՄՆ-ն 2014-ին պետք է կրճատեր Աֆղանստանում ամերիկյան զորքերի թիվը՝ 32 հազարից հասցնելով 9,8 հազարի, 2015-ի վերջում այն կրճատել ևս երկու անգամ, իսկ 2016-ի վերջում զորքերը վերջնականապես դուրս բերել Աֆղանստանից:

Սակայն դեռևս մարտի 16-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ղեկավարությունը մտադիր է պահել Աֆղանստանում ամերիկյան զորախմբի թվաքանակը և հրաժարվել զորքերը մինչև 5500-ի նվազեցնելու վերաբերյալ երկկողմ պայմանագրից։ Որոշումը կապված է Աֆղանստանի տարածքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտության հետ:

2 responses to “Աֆղանստանի իշխանություններն առերես, հանրային բանակցություններ են սկսել «Թալիբանի» հետ

  1. Pingback: Չինաստանում կկայանա Աֆղանստանի կառավարության և «Թալիբանի» բանակցությունների 2-րդ փուլը | Ռազմ.info

  2. Pingback: «Թալիբանի» զինյալները գրավել են Աֆղանստանի հյուսիսարևելյան Կունդուզ նահանգը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *