Ու՞մ համար կդասախոսի Պաշտպանության նախարարը. ամփոփում

Այսօր մամուլն անդրադարձել էր հետևյալ լուրերին՝ ՊՆ-ում ստեղծվել է հանձնաժողով, որը կուսումնասիրի զորակոչի ընթացքում քաղաքացիներից ստացած բողոքները,ՊՆ-ն հավաքագրել և  դասախոսություն է կազմակերպել գերատեսչությունների աշխատակիցների համար, ինչպես նաև պաշտպանական գերատեսչությունը հրապարակել է հոկտեմբերի ընթացքում գրանցված հրադադարի խախատումները։

Սկսենք զորակոչից. Պաշտպանության նախարարի հրամանով՝ 2011 թվականի աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և զորակոչի ընթացքում օրինականության ապահովման, ինչպես նաև քաղաքացիների դիմումներում ու բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որը կղեկավարի ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, իսկ քաղաքացիներն իրենց բողոքները կարող են հղել՝  52-34-86, 52-34-82 հեռախոսահամարներով:

Լուրը հրապարակել են՝  panarmenian.net-ը, panorama.am-ը, news.am-ը։

Մինչ երիտասարդները պատրաստվում են զորակոչին՝ կյանքի որոշակի փորձ և պետական պաշտոն զբաղեցնող այրերը ՊՆ-ում լսում են նախարարի դասախոսությունները։ «Դասախոսություններին մասնակցում են զորահավաքային պատրաստությամբ զբաղվող պաշտոնատար անձիք 17 նախարարություններից, մարզպետարաններից և Երևանի քաղաքապետարանից»,- ասվում է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

Թեմային անդրադարձել են՝ panorama.am-ը, panarmenian.net-ը, slaq.am-ը, haynews.am-ը։

Իսկ այդ ընթացքում ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարը, որին տեղեկանում ենք ՊՆ պաշտոնական կայքից. «Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. հոկտեմբերի 1-ից 31-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1350 անգամ»: Ի պատասխան հրադադարի խախտումների՝ Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Վերջում նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *