Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 9

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 9-ին, 23:31 դրությամբ սպանվել է 1 ոստիկան, վիրավորվել է 14 ուժային, ինչպես նաև մահացել է նախկինում վիրավորված ոստիկաններից մեկը: Բացի այդ, սպանվել է 9 զինյալ, ձերբակալվել՝ ևս վեցը։ Քաղաքացիականներից սպանվել է 2 հոգի, վիրավորվել է 1 հոգի, ձերբակալվել է 93 հոգի։ Տարբեր բնակավայրերում, այդ թվում և Անկարայում ու Ստամբուլում, հարձակումներ են եղել քրդամետ HDP կուսակցության գրասենյակների վրա։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Իհլաս. Թուրքիայի Թունջելի քաղաքում PKK-ի զինյալների ոստիկանության և ժանդարմերիայի վրա կազմակերպած հարձակման արդյունքում վիրավորված 3 ոստիկաններից մեկը հիվանադանոցում մահացել է:

Դողան. Թուրքիայի Թունջելի նահանգում PKK-ի զինյալները հարձակվել են Թունջելի քաղաքի Ջումհուրիյեթ թաղամասում գտնվող ժանդարմերիայի և ոստիկանատան վրա: Ոստիկանները պատասխան կրակել նրանց վրա: Փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է 3 ոստիկան և 1 քաղաքացի: Ձեռնարկվել են հատուկ գործողություններ, թաղամաս են ուղարկվել անվտանգության լրացուցիչ ուժեր:

Իհլաս. Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Գյուչլուքոնաք գավառում PKK-ի զինյալները փորձել են ճանապարհի վրա պայթուցիկ տեղադրել, սակայն ուժայինները նկատել են նրանց, ինչից հետո նրանք փախել են՝ թողնելով պայթուցիկ նյութերը:

Անադոլու. Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե քաղաքի Նուր թաղամասում PKK-ի զինյալները նռնականետերով և հրազեններով հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա: Հարձակման հետևանքով նռնակները դիպել են նաև փողոցին հարակից տներից մեկին, ինչի հետևանքով 2 մարդ վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց: Վիրավորները հիվանդանոցում մահացել են:

Անադոլու․ Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում PKK-ի 2 զինյալ է սպանել անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում։

Հաբեր թուրք․ Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քուլփ, Սիլվան, Լիջե, Դիջլե շրջանները 6 ամիս տևողությամբ «ժամանակավոր ռազմական անվտանգության գոտի» են հայտարարվել։

Իհլաս․ Թուրքիայի Մուշ նահանգի ոստիկանությունը հատուկ գործողության արդյունում PKK-ի 4 զինյալ է ձերբակալել։

CNN Turk․ Թուրքիայի անվտանգության ուժերը հատուկ գործողություն են սկսել Հաքքարի նահանգի Դաղլըջա շրջանում։

Իհլաս․ Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի ոստիկանությունը հատուկ գործողության արդյունքում 5․5 տոննա պայթուցիկ նյութ է հայտնաբերվել, ձերբակալվել է PKK-ի երկու անդամ։

Իհլաս․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նստավայրում ընդունել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարին։

Ջումհուրիեթ․ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի օգնական Յալչըն Աքդողանը հայտարարել է, որ «ահաբեկչության դեմ պայքարը բազմակողմանի և կայուն բնույթ է կրելու»։

Աքշամ․ Թուրքիայում, PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողություն իրականացնելու նպատակով, կանգնեցվել է Բիթլիս-Թաթվան ճանապարհի երթևեկությունը։

Դողան․ Թուրքիայի Վան նահանգի Չաթաք շրջանում PKK-ի զինյալները հարձակվել են Ժանդարմերիայի բաժանմունքի վրա։ Սկսվել է փոխհրաձգություն։

Սյոզջու․ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, PKK-ի զինյալների գործողությունների դեմ սեպտեմբերի 8-ի բողոքի ակցիայի 93 մասնակից է ձերբակալվել՝ սեփականության դեմ հանցագործության մեղադրանքով։

Հաբեր թուրք․ Թուրքիայի Մարդին նահանգի Միդյաթ քաղաքում ոստիականությունը, անվտանգության նկատառումներով, արգելափակել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշի ավտոշարասյունը։

Միլիեթ․ Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում բախվել են անվտանգության ուժերն ու PKK-ի զինյալները։ Թուրքական աղբյուրները պնդում են, որ PKK-ի 7 զինյալ սպանվել է։

ՆԱՏՕ կայք. Թուրքիայում բախումներին անդրադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

«Ես խստորեն դատապարտում եմ վերջին ահաբեկչական հարձակումները Թուրքիայում:

Ես իմ անկեղծ ցավակցություններ են հայտնում Թուրքիայի կառավարությանը, վերջին հարձակումների ընթացքում տուժած զինծառայողների և ոստիկանների ընտանիքներին և հարազատներին:

Ահաբեկչությանը չկա արդարացում: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում դաշնակից Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին», — ասված է Յենս Ստոլտենբերգի հայտարարության մեջ:

Հատկանշական է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հարձակումները նշում է որպես ահաբեկչական: Թուրքիայում հենց ահաբեկչական կազմակերպություն են համարում PKK-ն՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը»:


Իհլաս․ Թուրքիայի կենտրոնական Կոնիա նահանգի Սելչուկլու գավառում անհայտ անձինք այրել են PKK-ի հետ կապեր ունեցող «Ռոնահի դեմոկրատ, ազատ աշակերտ» միության շենքը։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ, հրշեջ ծառայությունը և շտապօգնությունը։ Կրակը հաջողվել է հանգցնել, բայց շենքը ամբողջությամբ շարքից հանվել է։

Դողան․ Սեպտեմբերի 8-ին Հաքքարիում PKK-ի կազմակերպած պայթյունի հետևանքով մահացած սերժանտի թաղման արարողությունից վերադառնալիս Թուրքիայի 25-րդ սահմանապահ բրիգադի զինվորներին տեղափոխող զինվորական մեքենան բախվել է մեկ այլ մեքենայի և շրջվել Թուրքիայի հյուսիսարևելյան Արդահան նահանգի Գյոլե գավառի Թահթաքըրան գյուղի մոտակայքում։ Վթարի հետևանքով վիրավորվել և հիվանդանոց է տեղափոխվել 11 զինվոր։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ քաղաքի Բեյբահչե թաղամասում PKK-ի համակիրները ցույց են կազմակերպել։ Ցուցարարների գործողություններին միջամտելու համար դեպքի վայր են ժամանել ոստիկաններ։ Ցուցարարներից մեկը կրակել է ոստիկանների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է 1 ոստիկան։ Ոստիկանները հատուկ գործողություններ են ձեռնարկել ցուցարարների ինքնությունը ճշտելու և ձերբակալելու համար։

Վանում և Բիթլիսում PKK-ի զինյալները 11 բեռնատար մեքենա են այրել։

Վանում և Բիթլիսում PKK-ի զինյալները 11 բեռնատար մեքենա են այրել։

Դողան․ Թուրքիայի արևելյան Վան նահանգի Էրչիշ գավառում PKK-ի զինյալները, փակելով Էրչիշ-Ադիլզեվազ ճանապարհը, կանգնեցրել և այրել 3 բեռնատար մեքենա։

PKK-ի զինյալները ևս 8 բեռնատար մեքենա այրել են Բիթլիս-Դիարբեքիր ճանապարհին գտնվող Բուզլուփընար գյուղի մոտակայքում։
Կասկածյալների ձերբակալելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։


Դողան․ Երեկ`սեպտեմբերի 8-ին, Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգում PKK-ի զինյալների կազմակերպած պայթյունի հետևանքով վիրավորված 4 ոստիկաններից մեկը հիվանդանոցում մահացել է։
Հիշեցնենք, որ PKK-ի զինյալները Դարգեչիթ գավառում՝ ճանապարհին տեղադրված ականով պայթեցրել են ոստիկանական զրահամեքենա։

Հաբերթուրք. Թուրքիայի տարբեր շրջաններում՝ Ստամբուլում, Անկարայում, Ալանիայում և այլ վայրերում, հարձակման են ենթարկում քրդամետ «Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության» (HDP)-ի շենքերը:

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *