Սեպտեմբերի 10-ին ՀԱՊԿ ռազմատնտեսական հարցերով միջպետական հանձնաժողովը կգումարի հերթական նիստը, որի ժամանակ կքննարկվեն ՀԱՊԿ «Ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում» փոփոխություններ անելու հարցեր (համաձայնագիրը մասնավորապես կարգավորում է ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմական արտադրանքի մատակարարման արտոնյալ պայմաններ), ինչպես նաև սպառազինությունների նորոգման և տեխսպասարկման համատեղ կենտրոններ հիմնելու ծրագրեր:
Հանձնաժողովի նիստի ընթացքում կքննարկվեն նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական արտադրանքների ստանդարտիզացիայի հարցեր և ռազմական արտադրանքի մատակարարման մեխանիզմների կատարելագործման հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:
Նիստի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները քննարկելու են նաև պետությունների ռազմարդյունաբերական ձեռնարկությունների փոխադարձ ինտեգրացիայի և համագործակության կազմակերպման հարցեր:
Ավելացնենք, որ դեռևս 2015թ. ապրիլին նախատեսվում էր ստեղծել ՀԱՊԿ հատուկ հանձնաժողով՝ անդամ պետությունների փոխվարչապետների մակարդակով, որը պատասխանատու կլիներ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության համար: Խորհրդի առաջին նիստի ընթացքում պիտի քննարկվեին հենց սպառազինությունների ստանդարտիզացիայի հարցերը:
Նման ընդհանուր ստանդարտիզացիան ՀԱՊԿ անդամ երկրներին թույլ կտա հեշտությամբ նույնականացնել (իդենտիֆիկացնել) մյուս երկրներում արտադրված սպառազինությունը (այլ արտադրանքը), նորոգել և արդիականացնել դրանք առանց ավելորդ ծախսերի:
Սպառազինությունների նման ստանդարտիզացիա ներկայում գործում է ՆԱՏՕ երկրների համար: STANAG (STANdardization AGreement) անվանումը ստացած ընդհանուր ստանդարտների քանակը ներկայում հասնում է մոտ 1300-ի, դրանց մեջ մտնում են զենքերի (այդ թվում՝ դրանց տրամաչափերի), այլ սպառազինությունների, ռազմական տեխնիկայի և դրա պաշտպանվածության մակարդակների, քարտեզագրական, կապի միջոցների, տեղեկատվական անվտանգության և բազմաթիվ այլ ստանդարտներ: