Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտական կրակով զորավարժություն են իրականացրել «Պիոն» ինքնագնաց հաուբիցներով և անօդաչու թռչող սարքերով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Զորավարժության ժամանակ կիրառվել են երկրի զինված ուժերի ՌՕՈւ անօդաչու սարքերը, որոնցով իրականացվել են դժվար տեսանելի վայրերում «թաքնված թիրախների» հայտնաբերման վարժանքներ։
Նշենք, որ թեև հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ ԱԹՍ է կիրառվել, նկարներից երևում է, որ խոսքն իսրայելա-ադրբեջանական համատեղ արտադրության Orbiter 2M-ի մասին է։
Հավելենք, որ հազվադեպ է նշվում զորավարժությունների ժամանակ «Պիոններ» կիրառելու մասին: «Պիոն» ինքնագնաց հրետանային համակարգը սպառազինության է ընդունվել 1976 թվականին։ Հաուբիցն ունի բեկորային, բեկորա-ֆուգասային և միջուկային արկեր։ Հեռահարությունը կազմում է մինչև 37.5 կմ, իսկ ակտիվ-ռեակտիվ արկերով` մինչև 47.5 կմ։ Այս զինտեխնիկան Ադրբեջանը ձեռք է բերել Բելառուսից: Ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի կայքի՝ Բելառուսը 2008-2009-ին ադրբեջանական կողմին վաճառել է 12 միավոր «Պիոն» հաուբից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» կայքի համաձայն՝ 2009-ին պաշտոնական Բաքվի ու իսրայելական Aeronautics Defense Systems-ի միջև կնքվել է պայմանագիր՝ Ադրբեջանում հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքերի գործարան հիմնելու վերաբերյալ։ Գործարանը շահագործման էր հանձնվել 2011-ի գարնանը։ Գործարանի սեփականատերն Ադրբեջանի կողմից նշվում է Azad Systems ընկերությունը, որը բացվել է 2011-ի մարտի սկզբին։ Azad Systems-ին պատկանում է համատեղ գործարանի բաժնետոմսերի 50 տոկոսը։ Գործարանում արտադրվում են Orbiter-2M և Aerostar անօդաչուներ, որոնցից մեկական միավոր, դատելով լուսանկարներից, ցուցադրվել է Բաքվում սեպտեմբերի 11-13-ը կայացած ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։ 2013-ի դեկտեմբերի դրությամբ Ադրբեջանում արտադրվել է ընդամենը 10 միավոր Orbiter-2M, մինչդեռ պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն ավելի վաղ հայտարարել էր, որ 60 միավոր են արտադրելու նույն ժամանակահատվածում։
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info