Օգոստոսի 27-ին Թուրքիայի արևելյան, ՀՀ-ին սահմանակից Աղրը նահանգի Դողուբայազեթ շրջանում «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների և թուրք ոստիկանների միջև փոխհրաձգություն հետևանքով մեկ քաղաքացի է զոհվել։ Այս մասին հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։
Լրատվական գործակալությունը հայտնում է նաև, որ նույն օրը Աղրը նահանգի մեկ այլ շրջանում՝ Փաթնոսում՝ դեպի Վան տանող ճանապարհին, հետախուզական աշխատանքների արդյունքում Թուրքիայի անվտանգության ուժերը «շարքից հանել են» PKK-ի զինյալների։ Թուրքական աղբյուրները չեն նշում «շարքից հանված» քուրդ զինյալների թիվը։
Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։
Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: