Թուրք-քրդական բախումներում վիրավորվել է 1 ոստիկան, սպանվել է PKK-ի 5 զինյալ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները պայթյուն են իրականացրել Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Չերմիք թաղամասի ժանդարմերիայի բաժանմունքի մոտ։ Այս մասին հաղորդում է թուրքական «Աքշամ» պարբերականը։

Վերջինիս փոխանցմամբ՝ պայթյունից հետո զինյալները կրակել են ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ ոստիկան վիրավորվել է։

Թուրք-քրդական ևս մեկ բախում այսօր եղել է Թուրքիայի Շըրնաք նահանգում։ Թուրքական օդուժը «Աթաք» և «Կոբրա» հարվածային ուղղաթիռներով հարվածել է PKK-ի հենակետերին, ինչի արդյունքում զոհվել է  5 քուրդ  զինյալ։ Այս մասին հայտնում է թուրքական «Միլիյեթ» պարբերականը։

Նշենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Սուրուչում քրդերի դեմ ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *