Իրաքի Քրդստանի ուժերը հարձակվել են ԻՊ դիրքերի վրա

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության «Փեշմերգեի» ուժերն օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը հարձակվել են նավթով հարուստ և ռազմավարական նշանակություն ունեցող Քիրքուք նահանգի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկած մի քանի գյուղի վրա։ Այս մասի հայտնում է Reuters բրիտանական լրատվական գործակալությունը։

Քրդական «Փեշմերգե» ջոկատների մարտիկներ

Քրդական «Փեշմերգե» ջոկատների մարտիկներ

Հարձակումը սկսվել է կեսգիշերին Իրաքի Քրդստանի հարավային Դաքուք քաղաքից (Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հեռու է 175 կմ, մտնում է Քիրքուք նահանգի մեջ)։ Լրատվական գործակալության տվյալներով՝ քրդերին առավոտյան հաջողվել է ԻՊ զինյալներից մաքրել Ալբու Նաջմ գյուղը, ինչից հետո մարտերը շարունակվել են հարևան գյուղերում։

Քրդական Rudaw լրատվական կայքը հաղորդում է, որ օգոստոսի 25-ին Քիրքուքում ձերբակալել են նաև ԻՊ 3 զինյալի։ Խմբի ղեկավարը Ջամիլ Թալիբ Մահմուդ անունով ահաբեկիչն է, ում նահանգի՝ ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածքներից հաջողվել էր թափանցել քրդական վերահսկողության տարածքներ։ Մյուս 2 անդամները 2003-ից Իրաքում տեղակայված ԱՄՆ զորքերի դեմ կռվող «Անսար ալ-Սուննա» կազմակերպության զինյալներն են, որոնք պատրաստվում էին միանալ ԻՊ-ին։

Ջամիլ Թալիբ Մահմուդը մեղադրվում է մի շարք խոշոր ահաբեկչությունների, այդ թվում՝ Խուրմաթուում և Քորքուքի հարավում կազմակերպված 5 մեքենաների պայթյունների համար, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ։

Նշենք, որ մոտ մեկ ամիս է, ինչ քրդական «Փեշմերգեի» և ԻՊ զինյալների սահմանագիծը չէր փոփոխվում։ Ներկայում քրդերը վերահսկում են գրեթե բոլոր այն տարածքները, որոնք համարում են իրենցը՝ Իրաքի Քրդստանի ինքնավարությանը։

Հավելենք, որ Իրաքում քրդերն ահաբեկիչների դեմ պայքարող ամենամարտունակ ուժերից են և հենց այդ պայքարում էլ վերջիններիս հաջողվեց բավականին ամրապնդել իրենց ինքնավարությունը՝ ստանալով նաև ԱՄՆ-ի, Թուրքիայի, Գերմանիայի ու այլ պետությունների լայն աջակցությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *