Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, թուրք-ադրբեջանական TurAz Kartalı-2015 («Թուրք-ադրբեջանական արծիվ-2015») համատեղ զորավարժությանն ընդառաջ, վարժանքներ են անցկացում։ Երկրի ՊՆ կայքը հաղորդում է, որ վարժանքներին մասնակցում են Ադրբեջանի ՌՕՈւ օդաչուներ, ինժեներատեխնիկական սպասարկման ծառայողներ։
Զորավարժության ընթացքում օդաչուներն օդային մարտ են մղելու պայմանական հակառակորդի դեմ, խոցելու են օդային և ցամաքային անշարժ ու շարժական թիրախներ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի TurAz Kartalı-2015 («Թուրք-ադրբեջանական արծիվ-2015») զորավարժությունը մեկնարկելու է վաղը՝ օգոստոսի 22-ին։
Դրան կմասնակցի շուրջ 30 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ F-4E ռմբակոծիչներ, ՄիԳ-29 և F-16 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ, С-130 բեռնատար ինքնաթիռ, Մի-17 բեռնատար, Մի-35 հարվածային, UH-60 բազմանպատակային և AS532 որոնողափրկարարական ուղղաթիռներ: