Այսօր՝ օգոստոսի 17-ին, Ղազախստանի Օթար ռազմաբազայում մեկնարկել է ԱՊՀ երկրների զինված ուժերի զինծառայողների «Համագործակցության ռազմիկ» մրցույթը, որին մասնակցում են նաև Հայաստանի զինված ուժերի զինծառայողները: Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի ՊՆ կայքը:
Մինչև օգոստոսի 20-ը անցկացվելիք մրցույթի նպատակն է ստուգել ԱՊՀ մասնակից երկրների զինծառայողների մարտական պատրաստությունը, ինչի համար զինծառայողները մրցելու են արգելագոտու հաղթահարման, համազորային պաշտպանական լրակազմ հագնելու, սառը զենք (դանակ) նետելու, հրաձգության և ֆիզպատրաստության մրցումներում:
Զինծառայողները ցուցադրելու են նաև ԱԿ-74 ավտոմատի հետ աշխատելու հմտությունները, ինչպես նաև ռազմական պատմության և միջազգային մարդասիրական իրավունքի իմացությունը:
Այս տարի մրցույթին մասնակցելու են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Հայաստանի (ըստ էության՝ ՀԱՊԿ անդամ պետությունների) զինված ուժերի 4-ական զինծառայողներ, որոնցից երեքը՝ արական սեռի, մեկը՝ իգական:
ԱՊՀ երկրների միջև մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2009 թվականից, ինչպես նշում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Մինչև 2013 թվականն այն անցկացվել է Ռուսաստանի տարածքում, անցած տարի՝ 2014-ին, անցկացվել է Բելառուսում, այս տարի էլ անցկացվում է Ղազախստանում: Այս տարվա մրցույթը նվիրված է ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: