Տաջիկստանի զինված ուժերի, այլ ուժային կառույցների և պահեստազորի մոտ 30 հազարանոց անձնակազմ է ներգրավված երկրի հյուսիսում անցկացվող քառօրյա լայնամասշտաբ հակաահաբեկչական զորավարժությանը: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Վարժանքների ընթացքում մասնակից ստորաբաժանումները կատարելագործելու են գործողութունների ներդաշնակութունն ու համագործակցությունը:
«Ազատություն» ռադիոկայանի տաջիկստանյան ծառայության տվյալներով՝ զորավարժության անցկացման պատճառը Աֆղանստանի՝ Տաջիկստանին սահմանակից հյուսիսային շրջաններում ծայրահեղական ահաբեկիչների կուտակումներն են վերջին շրջանում:
Ավելի վաղ Տաջիկստանի սահմանապահ զորքերի հրամանատարը ԱՊՀ սահմանապահ ծառայությունների պետերի նիստում հայտարարել է, որ Աֆղանստանի հյուսիսային շրջաններում շուրջ 1500 ծայրահեղական է կենտրոնացած, մասնավորապես «Թալիբանից» և «Իսլամական պետության» Աֆղանստանի մասնաճյուղից:
Նշվում է, որ զորավարժության նպատակներից մեկն էլ պահեստազորայինների՝ մարտունակ վիճակում պահելն է, քանի որ Աֆղանստանից ահաբեկիչների հարձակման դեպքում նրանց նույնպես ներգրավելու են երկրի պաշտպանությանը:
Ավելացնենք, որ Տաջիկստանը հարավում անմիջապես սահմանակից է Աֆղանստանին, ինչի հետ կապված կա մտահոգություն, որ հարավից՝ Աֆղանստանից, այդ երկիր կարող են ներխուժել ինչպես «Թալիբանի», այնպես էլ «Իսլամական պետության» զինյալները:
Դրանով պայմանավորված՝ հենց Տաջիկստանում այս տարվա մայիսին անցկացվեց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունը, որին մասնակցում էր նաև Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումը:
Քարտեզում ներկայացված է պահեստազորի ներգրավմամբ անցկացվող զորավարժության վայրը: