Օգոստոսի 15-ին Մոսկվայում Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպման ընթացքում որոշվել է, որ Սերբիան սեպտեմբերին կմասնակցի Ռուսաստանում անցկացվելիք «Սլավոնական եղբայրություն 2015» զորավարժությանը, որին բացի երկու երկրներից մասնակցելու է նաև Բելառուսը: Երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման մանրամասները ներկայացնելիս այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ տեղակալ Անատոլի Անտոնովը:
Պաշտոնյայի խոսքով՝ նախորդ համատեղ զորավարժությունն անցկացվել էր 2014-ի հոկտեմբերին Սերբիայում, և դա երկրների ռազմական գործնական համագործակցության վառ օրինակ էր:
Հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարը Սերբիայի պաշտոնակցին առաջարկել է նաև անցկացնել երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժություն:
Բացի այդ, երկու նախարարները քննարկել են նաև ռազմական կրթության ոլորտի համագործակցության հարցեր, Շոյգուն մասնավորապես հավանություն է տվել Սերբիայի ԶՈւ զինծառայողների՝ Ռուսաստանում ռազմական կրթություն ստանալու առաջարկին:
Նշենք, որ օգոստոսի 15-ին Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչն այցելել էր Մոսկվա մասնավորապես նաև Տանկային բիաթլոնի եզրափակիչ մրցույթին հետևելու: Մրցույթում Սերբիայի թիմը գրավել է երրորդ տեղը: