PKK-ի զինյալները պայթյուններ են իրականացրել Թուրքիայում

Օգոստոսի 13-ի գիշերը  Թուրքիայի Թունջելի քաղաքում «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները  պայթեցրել են Փյուլյումյուր թաղամասի ժանդարմերիայի կայանի մոտ կանգնած ավտոբուսը։ Ըստ թուրքական «Հյուրիեթ դեյլի» լրատվական գործակալության՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է թուրք մեկ ոստիկան և չորս քաղաքացի։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝  պայթյունից հետո քուրդ զինյալները կրակել են նաև այնտեղ հերթապահություն իրակացնող ժանդարմների վրա։

PKK-ն հարձակում է կազմակերպել Մարդինում

PKK-ն հարձակում է կազմակերպել Մարդինում
Նկարը՝ թուրքական «Աքշամ» կայքի

Թուրքիայի մեկ այլ քաղաքում՝ Մարդինում, օգոստոսի 14-ի առավոտյան PKK-ի զինյալների դեմ անվտանգության միջոցառումներ իրականացնելիս պայթյունի հետևանքով ևս երկու թուրք ոստիկան է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է թուրքական «Աքշամ» լրատվական կայքը։

Նշենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Սուրուչում քրդերի դեմ ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *