Միջազգային տանկային բիաթլոնի երկրորդ՝ կիսաեզրափակիչ փուլում հայկական անձնակազմերը երեկ՝ օգոստոսի 13-ին, էստաֆետային մրցույթում զբաղեցրել են 8-րդ տեղը, քանի որ խախտել են անվտանգության կանոնները: Այս մասին նշված է ՌԴ ՊՆ կայքի՝ Տանկային բիաթլոնի արդյունքները ներկայացնող բաժնում:
8 երկրների պայքարում եզրափակիչ անցնելու էին լավագույն 4 արդյունքները գրանցած թիմերը, այնպես որ Հայաստանը չի անցել եզրափակիչ: Իսկ առաջին 4 տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի և Սերբիայի տանկիստները, որոնք մրցույթի առաջին փուլերից էլ հավակնում էին բարձր արդյունքների:
Այսպիսով, կիսաեզրափակչի մրցաշարային աղյուսակը շարվել է հետևյալ հերթականությամբ.
Տեղը | Երկիրը | Ժամանակը | Տուգանային | Վերջնական |
1. | Ռուսաստան | 72ր 30վ | 1ր | 73ր 30վ |
2. | Չինաստան | 77ր 22վ | 10վ | 77ր 32վ |
3. | Ղազախստան | 77ր 58վ | 20վ | 78ր 18վ |
4. | Սերբիա | 82ր 43վ | 40վ | 83ր 23վ |
5. | Հնդկաստան | 92ր 12վ | 2ր | 94ր 12վ |
6. | Ղրղզստան | 93ր 26վ | 3ր 40վ | 97ր 06վ |
7. | Տաջիկստան | 119ր 04վ | 3ր 20վ | 122ր 24վ |
8. | Հայաստան | 93ր 14վ | 2ր 40վ | — |
Կիսաեզրափակչի արդյունքների ամփոփումից հայտնի է դառնում նաև, որ հայկական երեք անձնակազմերը հիմնականում չեն խոցել նաև թիրախները, ինչի հետևանքով էլ տրվել են տուգանային վայրկյանները: Այսպես, հայկական անձնակազմերից ոչ մեկը չի խոցել «տանկ» թիրախը երեքական մոտեցումների ընթացքում: Մեկական մոտեցումներով «նռնականետ» թիրախն էլ խոցել է միայն հայկական երկրորդ անձնակազմը:
Անձնակազմը | «տանկ» | «տանկ» | «տանկ» | «նռնականետ» |
Առաջին | – | – | – | – |
Երկրորդ | – | – | – | + |
Երրորդ | – | – | – | – |
Եզրափակիչ անցած 4 երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի և Սերբիայի տանկիստները Տանկային բիաթլոնի չեմպիոնին պարզելու համար կրկին էստաֆետային մրցում են անցկացնելու, որը կլինի օգոստոսի 15-ին:
Ավելացնենք, որ Տանկային բիաթլոնն այս տարի ընդգրկված է առաջին անգամ անցկացվող «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի մեջ: Բիաթլոնին մասնակցում է 13 երկիր, որոնց թվում և Հայաստանը:
Տանկային բիաթլոնի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Այն ամենը, ինչ պետք է իմանալ տանկային բիաթլոնի մասին» հոդվածում:
Pingback: «Միջազգային բանակային խաղերի» բոլոր մրցույթներում հաղթել է Ռուսաստանը | Ռազմ.info